Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին:

«Ուրախ եմ Ձեզ տեսնելու համար, չնայած կարծում եմ, իրադարձությունը, որը հանգեցրեց մեր այսօրվա հանդիպմանը, այնքան էլ ուրախալի չէ եւ կապված է «Հայաստան» համահայկական հիմնադրամում տեղի ունեցող դեպքերի հետ: Իհարկե, մեզ համար շատ ցավալի է այն իրողությունը, որ հիմնադրամի տնօրենի կողմից տեղի է ունեցել անթույլատրելի արարք, բայց ուզում եմ նաեւ ընդգծել, որ այդ ամենի մասին տեղեկատվությունը ստանալով՝ մենք չէինք կարող այլ արձագանք ունենալ, որովհետեւ մեր սկզբունքն է, որ օրինականությունը ՀՀ-ում պետք է լինի անառարկելի եւ այստեղ որեւէ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ընդհանրապես, հիմնադրամի շուրջ վերջին տարիներին ոչ կոնկրետ, որոշակի անվստահության ինչ-որ մթնոլորտ էր առաջացել, դա գուցե կապված էր նաեւ ընդհանրապես Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ ու այդպես շարունակ: Բայց ես հույս ունեմ, որ այս գործընթացների արդյունքում մենք կկարողանանք կոնկրետացնել մեր պատկերացումը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետագա անելիքների վերաբերյալ, ընդհանրապես նոր մոտեցումներ արձանագրել սփյուռքի եւ Հայաստանի հարաբերությունների, փոխգործակցության ձեւերի, մակարդակի, իհարկե, հիմնադրամի վերաբերյալ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նշելով, որ ստեղծված իրավիճակի հետ կապված, որպես հիմնադրամի ամենահուսալի ներկայացուցիչներից մեկը, հետաքրքրիր կլինի լսել Պետրոս Թերզյանի տեսակետը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել նրան բարդ, ոչ այնքան բարենպաստ պայմաններում հիմնադրամի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար:

«Մեզ համար մեծ ցնցում էր այդ լուրը, որովհետեւ հիմնադրամի պատմության մեջ նման բան չի եղել: Մենք գործել ենք հաստատակամությամբ, որ այն մաքուր մարմին է: Հսկայական ծրագրեր են իրականացվել անցած 26 տարվա ընթացքում, հսկայական ճիգեր են գործադրվել՝ այս միջավայրում ապահովելու հիմնադրամի մաքուր գործունեությունը, ինչը դժվար էր: Կարծում եմ՝ հաջողել ենք, մինչեւ այս դեպքի ի հայտ գալը»,- իր հերթին ասել է Պետրոս Թերզյանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցրել է, որ անելու են ամեն ինչ՝ նվիրատուների գումարներն իրենց նպատակներին հասցնելու համար: ««Հայաստան» համահայկական հիմնադրամը կարեւոր է ոչ միայն անցյալով, այլ նաեւ ապագայով, քանի որ ունենք մեծ անելիքներ ու ծրագրեր»,- ասել է Պետրոս Թերզյանը:          

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հիմնադրամի հետագա գործունեությանն առնչվող հարցեր: