Արցախի էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանն այսօր՝ հուլիսի 16-ին ընդունել է Բիզնես Արմենիայի (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամի) գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության մամլո ծառայությունից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու եւ համագործակցության պատրաստակամության համար: «Մենք ուշադրությամբ հետեւում ենք Բիզնես Արմենիայի աշխատանքներին թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Պիտի փաստենք, որ ոգեւորված ենք ձեր կողմից կատարվող աշխատանքներով: Գիտեմ, որ անտարբեր չեք նաեւ Արցախի խնդիրներին, եւ ուրախ եմ, որ պատրաստակամություն եք հայտնել Արցախին օգնելու եւ մեր համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար»,- հայտնել է Լեւոն Գրիգորյանը:

Արմեն Ավակ Ավակյանն իր հերթին նշել է, որ Արցախի հետ համագործակցությունն արդեն ամուր հիմքեր ունի, եւ արցախյան որոշ ընկերություններ ընդգրկվել են հայաստանյան եւ միջազգային ցուցահանդեսներում: «Մենք աջակցում ենք արցախյան ընկերություններին արտերկրում կազմակերպվող ցուցահանդեսներին մասնակցելու հարցում: Այս առումով արդեն հաջողություններ ունենք: Սակայն, ցավոք, Արցախում ներդրումային դաշտով դեռ չենք զբաղվել, բայց պատրաստակամ ենք մեր բոլոր գործիքակազմը ներդնել, աջակցել եւ ամբողջությամբ մտնել այդ գործընթացի մեջ»,- ասել է Բիզնես Արմենիայի գործադիր տնօրենը:

Հայաստանյան գործընկերների հետ աշխատանքային համագործակցության նոր փուլի հիմք է հանդիսացել Բիզնես Արմենիայի եւ Արցախի էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարության միջեւ համագործակցության համաձայնագրի կնքումը:

Բիզնես Արմենիայի պատվիրակությունը նախարար Լեւոն Գրիգորյանի գլխավորությամբ այցելել է նաեւ Շուշի: Այնտեղ կլոր սեղանի շուրջ քննարկվել են երկու գերատեսչությունների միջեւ համագործակցության նոր ծրագրերը, գործարար շրջանակների համագործակցության խնդիրները, ինչպես նաեւ աշնանն Արցախում նախատեսվող բիզնես համաժողովի կազմակերպման եւ ծրագրերի մշակման հետ կապված հարցեր: