Հրազդանում 2 քաղաքացու դաժան սպանության գործով  նախաքննությունն ավարտվել է:

Ըստ մեղադրանքի՝ 32-ամյա Լյուդվիգ Հակոբյանը 2017թ. սեպտեմբերի 18-ի երեկոյան իր մեքենայով ընկերոջ՝ Սերգեյ Գեւորգյանի, Հրազդանի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանի եւ Սամվել Ալիխանյանի հետ գնացել է նույն քաղաքի Ջրառատ թաղամասում գտնվող իր հայրական առանձնատուն: Այստեղ Հակոբյանը վիճել է Վարդուհու եւ Սամվելի հետ: Կռիվը դադարեցնելու մասին իր արած կոչերն անտեսելու հետեւանքով առաջացած վրեժի շարժառիթով, նրանց ապօրինաբար կյանքից զրկելու հանկարծակի ծագած դիտավորությամբ, Լյուդվիգ Հակոբյանը մետաղական լարը փաթաթել է Սամվել Ալիխանյանի պարանոցից եւ ուժգին ձգել, ինչի հետեւանքով վերջինը մահացել է: Այնուհետեւ Լյուդվիգ Հակոբյանը մետաղական կշռաքարով բազմաթիվ հարվածներ է հասցրել Վարդուհի Սիմոնյանին՝ սպանելով նրան:

Դրանից հետո Հակոբյանը հափշտակել է Վարդուհի Սիմոնյանի ոսկյա ապարանջանը՝ կախազարդով, ոսկյա ականջօղերը, թեւնոցն ու մատանին: 

Լյուդվիգ Հակոբյանը կալանավորված է:

Գործը քննվելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: