Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանը հրաժարական է ներկայացնում: Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ում:

«Ընկերներ, լավ լուր ունեմ:

Որոշեցի հրաժարական տալ եւ վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին եւ նրա թիմին:

Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը: Բարին ընդ ձեզ»,- գրել է Փաշոյանը:

Նշենք, որ ՀՀ առաջին փոխվարչապետի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանն օրեր առաջ CivilNet-ին տված հարցազրույցում ապրիլյան պատերազմի հերոսների, այդ թվում՝ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին արտահայտելով իր կարծիքը՝ մասնավորապես ասել էր. «Ռոբերտ Աբաջյանի անունը շատ է շահարկվում: Թողնենք նրան հանգիստ, պետք չէ շահարկել: Մանկահասակ դեմքով տղա՝ էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում»: Սա սոցցանցերում քննարկումների եւ բուռն քննադատությունների առիթ էր դարձել:

Հարցին անդրադարձել էր նաեւ Արցախի պաշտպանության նախարարը: «Անչափ ցավալի է, երբ որոշները հարցականի տակ են դնում Ռոբերտ Աբաջյանի եւ նրա նման հերոսների գիտակցված անձնազոհությունը հանուն հայրենիքի: Ավելին, դա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն մեր հերոս նահատակների հիշատակի, այլեւ բոլոր այն ապրողների հանդեպ, ովքեր նույն կամ գուցե մեկ այլ խրամատում հավասարապես պաշտպանել եւ պաշտպանում են բոլորիս, այդ թվում՝ Աբաջյանի հերոսությունը կասկածի տակ դնողների անվտանգությունը»,- ասել էր Լեւոն Մնացականյանը: