Մեքսիկայի քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունը հայտնել է ավելի վաղ առեւանգված ռադիոակտիվ նյութերով կոնտեյների հայտնաբերման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իրիդիում-192-ով կոնտեյներն առեւանգվել էր հուլիսի 8-ին երկրի մայրաքաղաք Մեխիկոյում: Դրանից հետո տագնապ էր հայտարարվել միանգամից 11 նահանգների տարածքում, որտեղ կարող էր կոնտեյները լինել:

Հիմա տագնապը չեղյալ է հայտարարվել: Իշխանությունները հայտնել էին, որ կոնտեյները կարող է ուղղակի վտանգ ներկայացնել նրանց համար, ովքեր այն առեւանգել են: Բեռը հայտնաբերվել է անանուն զանգից հետո, որը կատարել է անհայտ անձը եւ հայտնել, թե որտեղ է գտնվում կոնտեյները:

Ռադիոակտիվ նյութերը հաճախ են հայտնվում Մեքսիկայի քրեական ամփոփագրերում: Այդպիսի մի քանի գողությունների մասին է նշվել 2017 թվականին եւ ընթացիկ տարվա մարտին: