Հայաստանի Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով ԱԺ 4 ուժերի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբն այսօր՝ հուլիսի 17-ին իր հերթական նիստն է անցկացնում:

Նշենք, որ այսօրվա նիստի օրակարգում լինելու է ընտրական համակարգի մոդելի քննարկումը: Կառավարությունը եւ «Ելք»-ը հանդես են գալիս միասնական համամասնական ցուցակներով ընտրակարգի օգտին, որի ժամանակ ընտրողը այդ ցուցակներում փոփոխություն անել չի կարող: «Ծառուկյան» դաշինքը եւս կողմ է այս ընտրակարգին:

ՀՅԴ-ն նույնպես մաքուր համամասնական ընտրակարգի կողմնակից է, սակայն ցանկանում է, որ այդ ցուցակները ընտրողը կարողանա այդ ցուցակից ընտրել իր ցանկալի թեկնածուին, ինչով ցուցակում հերթականության փոփոխություն կարող է լինել:

ՀՀԿ-ն, թեեւ դեռ հրապարակային իր վերջնական դիրքորոշումը չի հայտնել, սակայն առանձին հայտարարություններում նշվել է, որ չի կարելի հրաժարվել տարածքային ցուցակներից, քանի որ այդ դեպքում մարզերից պատգամավորներ չեն ընտրվի, բոլորը կլինեն Երեւանից:

Նշենք, որ նախորդ նիստերում իրենց առաջարկներն են ներկայացրել խորհրդարանական բոլոր 4 ուժերի ներկայացուցիչները, ինչպես նաեւ վարչապետին կից ընտրական բարեփոխումների հարցերով հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Վերջինս ներկայացրել է իրենց հանձնաժողովում քննարկված առաջարկները:

Հատկանշական է, որ մինչեւ օրս պարզ չէ, թե այս երկու հանձնաժողովները ընտրական օրենսգրքի երկու առանձին նախագի՞ծ են ներկայացնելու, թե միասնական նախագծի են հանգելու:

Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ իրենք անպայման նախագիծ են ներկայացնելու, եւ այն առեւտրի առարկա չի լինելու քաղաքական ուժերի հետ:

ԱԺ ուժերի ներկայացուցիչներն էլ պնդում են, որ ճիշտ կլինի միասնական դիրքորոշում ձեւավորել՝ կոնսենսուսի հանգելով:

Վարչապետին կից ընտրական բարեփոխումների հարցերով հանձնաժողովի նախագահ, առաջին փոխվարչապետ Արարտ Միրզոյանը, ով մասնակցել է ԱԺ-ում աշխատանքային խմբի նիստին, նշել է, որ Իդեալական տարբերակում պետք է ունենանք մեկ նախագիծ բոլորիս հետ համաձայնեցված, բոլորիս սրտով, որի առանձին կետերի շուրջ կարող են տարբեր ուժեր որոշակի վերապահումներ ունենալ»: Նա հույս է հայտնել, որ սեպտեմբերին պատրաստ կլինի Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը:

Թե ինչպես կհանգուցալուծվի այս թնջուկը, կերեւա ապագայում: