ՀՀ Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբում այսօր՝ հուլիսի 17-ին, քննարկվող թեման ընտրակարգի մոդելի ընտրությունն է:

ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ընտրական համակարգի 4 մոդելներ, նշելով, թե որն է իրենց նախընտրածը:

Նախքան այդ, Դավիթ Հարությունյանը նշեց, որ կառավարության կողմից առաջարկվող փակ ցուցակներով համամասնական ընտրակարգի թերությունները. «Փակ համամասնական ցուցակում հերթականությունը որոշում է կուսակցությունը, ոչ թե ժողովուրդը: Երկրորդ թերությունն այն է, որ մենք ունենում ենք քաղաքականության գերկենտրոնացում մայրաքաղաքում, իսկ տեղերից երաշխավորված կուսակցության ներկայացուցիչներ չենք ունենում: Դա Հայաստանի պարագայում թերություն է, քանի որ առանց այդ էլ ամեն բան կենտրոնացած է Երեւանում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է բաց ցուցակներով համամասնական ընտրակարգին, երբ ընտրողը կարող է որոշել ցուցակում ընդգրկված թեկնածուների հերթականությունը՝ նախապատվություն տալով այս կամ այն թեկնածուին, Դավիթ Հարությունյանն ասաց, որ այստեղ եւս չի լուծվում տարածքներից քաղաքական գործիչների ներգրավման հարցը. «Երկրորդ թերությունը հաշվարկի կազմակերպումն է, երբ հաշվարկի ժամանակ պետք է հազարավոր անուններով լի փաստաթղթեր լրացնել»:

Անդրադառնալով առաջարկին, որ ցուցակներում ասենք, յուրաքանչյուր 6-րդ լինի մարզի բնակիչ, Դավիթ Հարությունյանն ասաց, որ այս դեպքում՝ էլ կան թերություններ. «Նախ կուսակցության վերնախավն է որոշում, թե ով է ներկայացնելու այդ մարզը իրենց ցուցակում, ոչ թե ընտրողն իր քվեով: Երկրորդ, մարզում հաշվառված լինելը չի նշանակում, որ մարդը ներկայացնում է այդ մարզի բնակչությանը: Երրորդ թերությունն այն է, որ դա կխթանի, որ մենք խորհրդարանում ունենանք խոշոր մարզերում հաշվառված անձանց, իսկ փոքր մարզերում հաշվառված անձինք գրեթե շանս չեն ունենա հայտնվել ԱԺ-ում»:

Այնուհետեւ ՀՀԿ ներկայացուցիչը ներկայացրեց իրենց առաջարկած 4 մոդելները.

«Առաջին մոդելը հետեւյալն է. երբ մենք խոշորացնում ենք տարածքները՝ նվազեցնելու համար տեղական ազդեցությունները, օրինակ Հայաստանը բաժանել երեք մասի՝ հյուսիս, հարավ եւ Երեւան, եւ տարածքային ցուցակները կազմվեն այդ տեսանկյունից: Սա սկզբունքորեն կնվազեցնի ռեսուրսային պայքարը, որի մասին նշվում է:

Երկրորդ մոդելով առաջարկվում է զրկել ընտրողներին իրենց նախասիրությունները ցույց տալու հնարավորությունից, այնուամենայնիվ, ունենալով տարածքային ցուցակներ: Այսինքն ընտրողը ձայնը տալիս է կուսակցական ցուցակին, բայց հերթականությունը որոշում է կուսակցությունը, ընտրողը չի կարող այդ ցուցակից առանձնացնել մեկին ու ընտրել:

Երրորդ մոդելն է՝ ունենալ 101 ընտրատարածք, պատկերավոր ասած, մտածելով, որ կուսակցությունները ամեն ընտրատարածքում նշանակել են հնարավոր մեկական թեկնածուի, սակայն ընտրողը քվեարկում է ոչ թե թեկնածուի օգտին, այլ այս կամ այն կուսակցության օգտին:

Չորրորդ մոդելը, որն առավել նախընտրելին է, հետեւյալն է. ունենում ենք երկու քվեաթերթիկ. մեկում զուտ կուսակցություններն են, երկրորդ քվեաթերթիկը շատ նման է այն քվեաթերթիկին, որը մենք ունեցել ենք նախորդ ընտրություններին: Առաջին ցուցակով կուսակցությունները իրենց ստացած ձայների համապատասխան ստանում են մանդատներ: Երբ որոշվեց, որ ասենք, X կուսակցությունն ստացել է ասենք 27 մանդատ: Դրանից հետո պետք է հասկանանք, թե ովքեր են ստանում այդ մանդատները: Կարող ենք որոշել, որ մի մասը գնում են համապետական ցուցակից, այսինքն կուսակցության վերնախավն է, մյուս մասը գնում է տարածքային ցուցակներից: Ընդ որում, մանդատները բաշխվում են կախված նրանից, թե կուսակցությունը այս կամ այն տարածքում քանի տոկոս ձայն է ստացել: Ասենք, 13 մանդատը գնաց կուսակցության վերնախավին, իսկ 14 մանդատը պետք է բաժանենք: Որ ընտրատարածքում կուսակցությունն ավելի շատ ձայն է ստացել, դրան համաատասխան բաշխվում են այդ 14 մանդատները: Հաջորդ հարցը, իսկ ում տալ այդ մանդատը տվյալ ընտրատարածքից: Այստեղ առաջ է գալիս ընտրողի նախընտրությունը, որ X կուսակցության ներսում ես իմ նախընտրությունը տալիս եմ այս թեկնածուին: Սա թույլ է տալիս ընտրել X կուսակցությանը, միաժամանակ ընտրել Y կուսակցության տարածքային ցուցակը»:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ 4-րդ մոդելը իրենց առաջարկն է այս փուլում եւ առաջարկեց քննարկման առարկա դարձնել: