Իտալիայի ոստիկանությունը հայտնել է Կազամոնիկա ազդեցիկ քրեական կլանի 31 ենթադրյալ ներկայացուցչի ձերբակալման մասին, եւս վեցի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրանք մեղադրվում են թմրամիջոցների մաքսանենգության, «մաֆիոզական ձեւով» շորթման համար, որն Իտալիայի քրեական օրենսգրքով ծանրացնող հանգամանք են համարվում: Ընթացող օպերացիայի հետ կապված տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ այս մեթոդն առաջին անգամ է օգտագործվում  մայրաքաղաքային Լացիո շրջանում գործող ազդեցիկ գնչուական կլանի դեմ մեղադրանք առաջադրելու համար:

Ձերբակալություններն իրականացվել են Իտալիայի մայրաքաղաքում, ինչպես նաեւ՝ Կոզենցա եւ Ռեջո դի Կալաբրիա հարավային նահանգներում: Կալանավորվածների թվում է նաեւ կլանի պարագլուխներից մեկը՝ Ջուզեպե Կազամոնիկան, որը մեկ տարի առաջ է ազատ արձակվել բանտից: Նա Հռոմի չորս քրեական «թագավորներից» մեկն է համարվում: