ՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է կացության թույլտվություն տրամադրել, շրջանցելով ժամանակավոր բնակության փուլը, այն օտարերկրացիներին, որոնք Ռուսաստանում հարազատներ ունեն կամ ծնվել է ՌՍՖՍՀ-ում եւ խորհրդային քաղաքացիություն ունեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Բացի այդ, նախագիծը ենթադրում է առանց ժամանակավոր բնակության պայմանների կացության իրավունք տրամադրել  արտերկրից որակյալ մասնագետներին, ովքեր Ռուսաստանում գործունեություն են ծավալում մինչեւ դիմումը ներկայացնելն առնվազն 6 ամիս:

Ներկայումս  ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալ կարող են Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից հաստատված քվոտա ստացած օտարերկրյա քաղաքացիները: Առանց այդ քվոտան հաշվի առնելու, ժամանակավոր բնակության թույլտվություն կարող են ստանալ առանձին օտարերկրյա քաղաքացիների, մասնավորապես՝ նրանք, ովքեր ՌԴ քաղաքացի երեխաներ կամ ծնողներ ունենեն: Ընդհանուր առմամբ, 2017 թվականին ժամանակավոր բնակության թույլտվություն է տրվել շուրջ 304 հազար մարդու: Հիմնականում խոսքն Ուկրաինայի քաղաքացիների (ավելի քան 30 տոկոս), Ղազախստանի (15 տոկոս), Տաջիկստանի (14 տոկոս), Ուզբեկստանի (12 տոկոս), Հայաստանի եւ Ադրբեջանի մասին է:

Բացի այդ, առանց քվոտաների ժամանակավոր կացության թույլտվություն այժմ կարող են ստանալ  ՌՍՖՍՀ-ի կամ Ռուսաստանի տարածքում ծնված օտարերկրացիները: Այս կատեգորիայի շրջանակներում 2017-ին 18 հազար թույլտվություն է տրվել, որոնց կեսը Ուկրաինայի քաղաքացիներ են: