ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Bitfury տեխնոլոգիական ընկերության ներկայացուցիչների հետ։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը նախաձեռնել էր «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը՝ ներկայացնելու «Ներածություն ապակենտրոնացված ռեգիստրի /բլոկչեյն/ տեխնոլոգիայի մասին» խորհրդատվական-կրթական ծրագիրը, որը նախատեսված է համապատասխան քաղաքացիական ծառայողների համար եւ իրականացվելու է այդ ոլորտում լուծումների մշակման եւ կիրառման գործնական փորձ ունեցող միջազգային փորձագետների մասնակցությամբ։
Հանդիպման մասնակիցներին ներկայացվել են պետական կառավարման եւ բիզնեսի ոլորտում բլոկչեյն տեխնոլոգիաների ներդրման առավելությունները եւ մի շարք երկրներում Bitfury ընկերության իրականացրած գործնական նախագծերը։ Անդրադարձ է եղել թափանցիկության հասնելու բլոկչեյն տեխնոլոգիաների հիմնական առավելություններին, տվյալների անվտանգությանը, տեխնոլոգիական առանձնահատկություններին, տարբեր ոլորտներում նոր տեխնոլոգիաների ներդրման հնարավորություններին։