Միջազգային հետազոտողների խումբը «վերծանել է» հացի ամենահին բաղադրատոմսը, որն ավելի քան 14 հազար տարեկան է, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով BBC-ն:

Հորդանանի Սեւ Անապատում հնագիտական պեղումների ընթացքում արված բացահայտումները վկայում են այն մասին, որ հաց թխելու գործընթացը, հավանաբար, գոյություն է ունեցել դեռ 14 հազար տարի առաջ:

Գիտնականները փորձել են վերականգնել հնագույն բաղադրատոմսը լաբորատորիայում, ինչի համար Լոնդոնի համալսարանական քոլեջի հնագիտության ինստիտուտի փորձագետ Լառա Գոնսալես Կերետերոն էլեկտրոնային մանրադիտակի տակ վերլուծել է պեղումների ժամանակ հայտնաբերված հացի 24 փշրանքները:

«Դա ջրի հետ խառնված  վայրի ցորենի ալյուրից  եւ գարուց բուխարիում պատրաստված հաց էր: Դրան ավելացվում էր նաեւ վայրի բույսերից պատրաստված ալյուր, որը հացին փոքր-ինչ դառը գամ էր հաղորդում»,- ասել է նա: Փորձագետների կարծիքով՝ այսպիսի հացի մեջ հնագույն մարդիկ կարող էին տապակած միս դնել: Այդպես, լինելով ամենահին հացը, այն կարող է նաեւ աշխարհի ամենահին բուրգերը լինել:

Հետազոտողները կարծում են, որ հնագույն մարդիկ, որոնց հիմնական զբաղմունքը որսն եւ հավաքչությունն էր, հաց էին թխում խոշոր տոների եւ տոնախմբությունների կապակցությամբ:

Հաց թխելու գործընթացն առաջացել է հողագործությունից առաջ, երբ մարդիկ սկսել են մշակաբույսեր աճեցնել եւ տնայնացնել կենդանիներին: Այս ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ հացահատիկի աճեցումը, ամենայն հավանականությամբ, այդ ժամանակի գյուղատնտեսության շարժիչ ուժն է եղել: