Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների եւ փախստականների թիվը 2018 թվականի սկզբից գերազանցել է 50 հազարը, սպանվել կամ անհայտ կորել է ավելի քան 1 440 մարդ: Այս մասին հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ), փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«ՄՄԿ-ի տվյալներով՝ հուլիսի 15-ի դրությամբ Եվրոպա է ժամանել 50 հազար 872 միգրանտ, որից 1444 մարդ մահացել է»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ժոել Միլմանը: Ժամանածների մոտ 35 տոկոսին ընդունել են Իտալիան եւ Իսպանիան, մոտ 29 տոկոսին՝ Հունաստանը, նշել է նա:

ՄՄԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ անցյալ տարի նույն ժամանակահատվածում Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել շուրջ 110 հազար միգրանտ եւ փախստական, իսկ 2016 թվականին՝ մոտ 242 հազար:

Միլմանն ուշադրություն է հրավիրել Իսպանիա ժամանող միգրանտների եւ փախստականների թվի կտրուկ աճին: Տարեսկզբից այս երկիր 18 հազար 16 մարդ է ժամանել, եւ ընթացիկ տարում Իսպանիան այս առումով գերազանցել է Իտալիային եւ Հունաստանին:

Բացի այդ, 2 հազար 874 միգրանտ եւ փախստական փորձել է ներխուժել Իսպանիայի աֆրիկյան Սեուտու եւ Մելիլյու անկլավներ: Ընդհանուր առմամբ, ըստ ՄՄԿ-ի, 2018 թվականի սկզբից աշխարհում 2 հազար 186 միգրանտ եւ փախստական է մահացել: Միեւնույն ժամանակ, միջերկրածովյան ճանապարհով դեպի Եվրոպա միգրացիան շարունակում է ամենավտանգավորը լինել: