Հելսինկիի ոստիկանությունը ազատել է ակտիվիստ Սեմ Հուսեյնիին, որը երկուշաբթի որպես լրագրող մասնակցել էր Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի մամուլի ասուլիսին եւ ուժի գործադրմամբ դահլիճից հանվել էր մինչեւ ասուլիսի մեկնարկը, որից հետո ձերբակալվել էր, հայտնում է Turun Sanomat պարբերականը:

Հելսինկիի ոստիկանության ավագ կոմիսար Պեկա Հյոքը պարբերականին հայտնել է, որ Հուսեյնիին ազատել են նույն երեկոյան՝ տեղի ունեցածից մի քանի ժամ հետո: «Նրան միջոցառումից հեռացել էին, այս կապակցությամբ այլեւս ոչինչ չեմ կարող ասել: Ոչ մի հանցագործություն չի եղել»,- ասել է նա:

Հուսեյնիին մամուլի ասուլիսից հեռացրել էին А4 չափի ոչ մեծ պաստառի պատճառով, որի վրա ձեռագրով գրված էր՝ «Միջուկային զենքի արգելման մասին պայմանագիր»: Անվտանգության աշխատակիցներին դուր չէր եկել, որ նա պաստառը ցուցադրել է, եւ նրան դուրս էին հանել: Այդ պահին նրանց շրջապատած լրագրողները հեռախոսով նկարել էին տեղի ունեցողը, ոմանք անգամ հասցրել էին ուղիղ եթեր մտնել: Միջադեպը միջոցառման ուշացման չի հանգեցրել: