ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների հարցով աշխատանքային խմբում կրկին լարվածություն առաջացավ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների եւ վարչապետին կից ընտրական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի միջեւ:

Նախ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Որպեսզի հասկանանք կառավարության հետ կոմպրոմիս հնարավոր է, թե ոչ, պետք է հասկանանք, մենք թույլ տալի՞ս ենք, որ ընտրողը մասնակցի մանդատների բաշխմանը. եթե թույլ չենք տալիս՝ փակ ցանկ է, եթե թույլ ենք տալիս, ապա այս կամ այն մոդելով բաց մոդել է: Եթե այս հարցում ընդհանուր եզրեր չունենք կառավարության հանձնաժողովի հետ, եւ նրանք խպնդում են փակ ցուցակը, քննարկելու բան չի մնում: Եթե իրենք ասում են, որ ընտրողները չպետք է միջամտեն մանդատների բաշխմանը թեկնածուների միջեւ, հատումը զրոյական է»:

Դաինել Իոաննիսյանը հիշեցրեց կառավարության ծրագիրը, որտեղ գրված է, որ պետք է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից. «ՀՅԴ-ի առաջարկածը՝ բաց ցուցակներով համամասնականը, ռեյտինգայինի տարատեսակ է: Այո, ես անձամբ կարծում եմ, որ ՀՅԴ-ի առաջարկած տարբերակը հակասում է կառավարության ծրագրին»:

Նիստը վարող, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ եզրակացրեց. «Մեզ պարզ է կառավարության մոտեցումը՝ բաց ցուցակի որեւէ մոդիֆիկացիա քննարկման ենթակա չէ»:

ՀՀԿ-ից Արփինե Հովհաննիսյանն էլ հարց ողղեց. «Պարոն Իոաննիսյան, ռեյտինգային ասելով դուք հասկանում եք տեսական գրականության մեջ եղած սահմանո՞ւմը, թե այն, ինչը դուք եք հասկանում ռեյտինգային ասելով»:

Իոաննիսյանն արձագանքեց. «Կարեւոր չէ, թե ես ինչ եմ հասկանում, ռեյտինգային ընտրակարգն արգելող դրույթը գրված է կառավարության ծրագրում եւ եթե ձեզ համար հասկանալի չէ, թե կառավարության ծրագրի այս կամ այն եզրույթը ինչ է նշանակում, կարծում եմ՝ կարելի էր դա այն ժամանակ հարցնել: Ես կառավարության ծրագիրը չեմ ներկայացնում»:

Արմեն Ռուստամյանն էլ ասաց, որ եթե շատ լայն մոտենանք, ապա փակ ցուցակներով համամասնականն էլ է ռեյտինգային, քանի որ ռեյտինգավորում ենք կուսակցություններին. «Խոսքը երկու մոտեցումները համաձայնեցնելու մասին է»:

Ի վերջո, որոշում կայացվեց, որ խորհրդարանական ուժերը ի մի կբերեն իրենց մոտեցումները, եւ իրենց առաջարկվող մոդելը կներկայացնեն կառավարության հանձնաժողովին: