ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն, այսօր՝ հուլիսի 17-ին հանդիպել է Արարատի մարզի միջմարզային կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տնօրենների եւ այդ երթուղիների աշխատանքից դժգոհ ուղեւորների հետ։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի տեղակալը նշել է, որ ուղեւորափոխադրումների ոլորտի խնդիրները կարգավորելու նպատակով աշխատանքներ են ընթանում «Միասնական երթուղային ցանց» ներդնելու ուղղությամբ, ինչի արդյունքում Հայաստանի բոլոր բնակավայրերը կապահովվեն տրանսպորտով։ Սակայն որոշ խնդիրների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր կան, որոնք շուտափույթ լուծում են պահանջում։

Ուստի, նման ձեւաչափով հանդիպումները նպատակ ունեն բարձրաձայնելու բոլոր կողմերի փաստարկները, առաջարկները եւ կոնկրետ լուծումներ գտնել։

Ուղեւորների վրդովմունքի հիմնական պատճառը տրանսպորտային միջոցների գերծանրաբեռնվածությունն է, անհարկի կանգառները, վարորդների անբարեխիղճ վերաբերմունքը եւ այլն։

Նրանք առաջարկում են երթուղիների սպասարկման ճկուն գրաֆիկ սահմանել, ըստ այդմ՝ առավոտյան եւ երեկոյան Երեւանից Արարատ եւ հակառակ ուղղությամբ երթուղիները սպասարկել ոչ թե մեկ, այլ կեսժամյա միջակայքով։ Կամ էլ՝ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ավտոբուսային երթուղիներն էլ աշխատեն սահմանված ժամանակացույցին համապատասխան, հնարավորության դեպքում ակտիվացվի երկաթուղային տրանսպորտի աշխատանքը եւ այլն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներկայացված խնդիրների լուծման մի շարք հնարավորություններ։ Նախարարի տեղակալն ընդգծել է, որ խնդիրների մի մասը քայլ առ քայլ լուծում կստանա առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, իսկ ամբողջությամբ՝ միասնական երթուղային ցանցի ներդրումից հետո։