ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 16-ին Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում մասնակցեց «Աղետների ռիսկի նվազեցման ոլորտում ներդրումները՝ որպես կայացած հասարակության ձեւավորման միջոց» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկման համակազմակերպիչներն էին Հայաստանը, Կոլումբիան, Մոնղոլիան, Շվեյցարիան եւ ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակը:

Ելույթ ունենալով քննարկմանը՝ ԱԳՆ ղեկավարը, մասնավորապես, ներկայացրեց Կայուն զարգացման օրակարգի եւ Աղետների ռիսկերի նվազեցման ՄԱԿ-ի համաշխարհային Սենդայի համաժողովի հռչակագրում ամրագրված առաջնահերթությունների շուրջ Հայաստանի տեսլականն ու այդ ուղղությամբ իրականացված քայլերը:

Նախարարը նշեց, որ Հայաստանը մեծապես արժեւորում է ՄԱԿ-ի կողմից ստեղծված այս միջազգային հարթակը, որը հնարավորություն է ընձեռում միմյանց փոխանցելու աղետների ռիսկի նվազեցման ոլորտում երկրների ունեցած փորձառությունն ու լավագույն հմտությունները:

«Մեր տարածաշրջանն ունի եւ՛ բնական աղետների ողբերգական փորձ, եւ՛ դրանց հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ գլոբալ եւ տարածաշրջանային համագործակցության օրինակներ: Մեր երկիրը 30 տարի առաջ ենթարկվեց ավերիչ երկրաշարժի: Ելնելով տարածաշրջանային փորձից՝ գիտենք, որ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված քայլերը կարող են, նաեւ պետք է հանդիսանան վստահության ամրապնդման գործիք` ժողովուրդների եւ հասարակությունների միջեւ պատշաճ համագործակցությանը նպաստելու համար»,-ասաց Մնացականյանը:

Անդրադառնալով հունիսի 26-27-ը Երեւանում կայացած Աղետների ռիսկի նվազեցման Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային երկրորդ պլատֆորմին եւ ընդունված Երեւանյան հռչակագրին՝ Հայաստանի արտգործնախարարը նշեց. «Հռչակագրի կարեւորագույն ուղերձներից մեկը տարածաշրջանային համագործակցության շեշտադրումն է՝ ուղղված աղետներին դիմակայելու կարողությունների ամրապնդմանը, մասնավորապես, տվյալների փոխանակման, հմտությունների ընդլայնման եւ փորձագիտական գիտելիքների փոխանակման միջոցով: Ավելին, աղետները սահմաններ չեն ճանաչում, հետեւաբար, դրանց արդյունավետ հակազդելու համար անհրաժեշտ է անդրսահմանային իրական համագործակցություն ծավալել»։

Նախարար Մնացականյանը մասնակիցներին հայտնեց նաեւ, որ 2017թ. ապրիլին Հայաստանի կառավարությունը հասատատել է Աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ազգային նոր ռազմավարություն՝ հիմնված ԱՌԿ կարողությունների գնահատման արդյունքների, Կայուն զարգացման նպատակների եւ Սենդայի հռչակագրի գերակա ուղղությունների վրա՝ ուրվագծելով աղետների ռիսակայնության նվազման եւ դիմակայելու կարողության ամրապնդման հիմնական հրամայականները: «Փաստաթղթում ամրագրված հիմնարար սկզբունքներից մեկը մարդակենտրոն մոտեցումն է. այն միտված է ավելացնելու համայնքների դերը աղետների ռիկսի նվազեցմանն ուղղված գործողություններում»։

Ամփոփելով խոսքը՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Ցանկանում եմ վերահաստատել միջազգային եւ տարածաշրջանային համագործակցության կարեւորությունն աղետների ռիսկի արդյունավետ նվազեցման գործում: Ես նաեւ կընդգծեի տարածաշրջանային հարթակների կարեւորությունը՝ որպես կենսունակ մեխանիզմի, որը ներգրավում է բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում հանրային-մասնավոր գործընկերության միջոցով»։

Բանախոսների ելույթներին հաջորդեց մեկնաբանությունների եւ հարցուպատասխանի հատվածը, որտեղ Հայաստանի ԱԳ նախարարը պատասխանեց միջոցառման մասնակիցների մի շարք հարցերին։