ՀՀ վարչապետի հանձնարարականով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում նախարարության մասնագետների ու Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության անդամների մասնակցությամբ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտում հրատապ լուծում պահանջող մի շարք հարցեր:

Ընդերքօգտագործողները ներկայացրել են ոլորտի խնդիրները, ընդգծել ներդրումներ ներգրավելու եւ առանց խոչընդոտների գործունեություն ծավալելու անհրաժեշտությունը: Մասնակիցները կարեւորել են հանքարդյունաբերության ոլորտի հանդեպ հասարակական դրական կարծիքի ձեւավորումը եւ նշել, որ անհրաժեշտ է հանդես գալ բացատրական աշխատանքներով, ելույթներով, կազմակերպել մամուլի ասուլիսներ:

Հանքարդյունաբերող ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ ընդերքօգտագործող ընկերությունների մեծ մասը ՀՀ խոշոր հարկատու ու գործատու է, հետեւաբար, բնականոն աշխատանքից ցանկացած շեղում բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության զարգացման վրա եւ հանգեցնում բյուջետային մուտքերի նվազեցման:

Ընդերքօգտագործողները ակնկալում են պետություն-հասարակություն երկխոսության միջոցով նպաստել տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող ճյուղերից մեկի բնականոն աշխատանքի կազմակերպմանը: