Փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում «վախենում» է ավտոմատացված համակարգերից։ Այսպիսի տեսակետ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գեւորգ Պողոսյանը Երեւանում կայացած բիզնեսի ավտոմատացման առաջին BeAutomated 2018 ցուցահանդեսի ժամանակ։

Նրա խոսքով՝ փոքր ու միջին ձեռնարկությունների համար բիզնես գործընթացների ավտոմատացումը պակաս հասանելի է, եւ, վերջիններս, սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ ունենալով, նույնիսկ չեն փորձում հասկանալ՝ ի՞նչ համակարգեր են դրանք, ի՞նչ են տալիս բիզնեսին, որքանո՞վ են ավելացնում արդյունավետությունը, եւ, ընդհանրապես, ի՞նչ գների մասին է խոսքը։

Բիզնեսի ավտոմատացման համակարգերի տարածման դժվարությունն այն է, որ շատ դեպքերում ընկերությունները չեն հասկանում, թե ինչ էֆեկտ կարող է բերել բիզնես գործընթացների ավտոմատացումը, որքանով կարող է արագացնել եւ բարձրացնել այդ գործընթացների արդյունավետությունը: Խնդիրը նաեւ ֆինանսներն են, փոքր բիզնեսը ավտոմատացման կարիք ունի, բայց հաճախ դրանք հասանելի չեն»,-նկատել է Գեւորգ Պողոսյանը։

Միեւնույն ժամանակ, նա համոզմամբ՝ բիզնես գործընթացներում ավտոմատացված համակարգեր ներդրած ընկերությունները շուկայում իրենց ապրանքներն ու ծառայությունները խթանելու հարցում ավելի մրցունակ եւ օպերատիվ են:

Հիշեցնենք, որ Գործարարության աջակցման գրասենյակը բիզնեսի ավտոմատացման առաջին BeAutomated 2018 ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկն էր: