Նախկին զինծառայող, սահմանամերձ Ներքին Կարմրաղբյուր գյուղի բնակիչ Գարիկ Լալայանը աբսուրդային իրավիճակի «գերին» է դարձել։ Ականանետային ծանր վնասվածքից հետո նախկին պայմանագրային զինծառայողին զրկել են հաշմանդամության կարգից եւ հնարավորությունից ստանալ առանց այդ էլ թշվառ կենսաթոշակը։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Լալայանը պատմեց, որ 2010 թվականին նա պայմանագրային հիմքով սկսել է ծառայել բանակում։ Ողբերգական  միջադեպը տեղի է ունեցել 2015 թվականի երկրորդ կեսին, երբ ադրբեջանական կողմը սկսել է ականանետերով, նռնականետերով եւ խոշոր տրամաչափի զինատեսակներից ուժեղացված գնդակոծել Տավուշի սահմանը։ Սեպտեմբերի 3-ին Լալայանը ականանետային կրակոցից ծանր բեկորային վնասվածք է ստացել։ Զինծառայողը հրաշքով է ողջ մնացել՝ բեկորներից մեկը բառացիորեն սրտից 2 սանտիմետր հեռավորությամբ է անցել։ Այս սարսափելի երեկոյի հետեւանքներն առ այսօր «կրծում» են Լալայանին՝ մարմնում 15 բեկոր է մնացել, չեն ծալվում մի ձեռքի մատները, տանջում են գլխացավերը։ Բացի այդ, բժիշկները մշտապես խորհուրդ են տալիս հեռացնել մի երիկամը, քանի որ այն այսօր վատ է գործում։

Վնասվածքից հետո վերականգնման առաջին փուլը Լալայանից խլել է գրեթե 4 ամիս: Նա ստացել է հաշմանդամության II խումբ՝ 81 հազար դրամ կենսաթոշակով: Սրա հետ մեկտեղ Լալայանի ընտանիքը ծանր վիճակում է հայտնվել՝ դեռ վիրավորվելուց առաջ 500 հազար դրամ վարկ էր վերցրել, որից հասցրել էր վճարել միայն մի փոքր մաս: Մնացած 370 հազար դրամը վճարելու համար ծանոթները եւ համագյուղացիները պարտքով հավաքել էին անհրաժեշտ գումարը: Այն վճարելու համար, ինչպես նաեւ նոր պատքերը փակելու համար Լալայանը ստիպված էր նոր վարկ վերցնել, ինչպես նաեւ ոսկի գրավ դնել։

«Սկզբում հաշմանդամության կենսաթոշակով կարողանում էի տոկոսները վճարել: Բացի այդ, որպես 2-րդ խմբի հաշմանդամ՝ ես որոշ արտոնություններ ունեի, պոլիկլինիկայում անվճար դեղեր էի ստանում։ Սակայն, մեկ տարի անց ինձ հայտնեցին, որ տեղափոխում են 3-րդ կարգ, որով ոչ միայն զրկվեցի արտոնություններից, այլ նաեւ նվազեց կենսաթոշակը՝ դառնալով 59 հազար դրամ»,-պատմեց նա։

Միեւնույն ժամանակ, լուրջ վնասվածքից հետո նա ստիպված է եղել վերականգնողական թերապիայի համար սեփական միջոցներով վճարել։

Սակայն, սրանով Լալայանի դժբախտությունը չավարտվեց՝ 2018 թվականի փետրվարին, առանց բժշկասոցիալան փորձաքննության եզրակացության, նրան զրկել են հաշմանդամության թոշակից։ Ապրիլին, ըստ երեւույթին, Լալայանին, ամբողջությամբ առողջ ճանաչելով, զրկել են հաշմանդամության 3-րդ խմբից։

Դրանից հետո նա ոչ միայն զրկվեց ապրուստի միջոցներից, այլ նաեւեւ ավտոմատ կերպով դուրս մնաց հաշմանդամ զինվորների կենսապայմանների բարելավման ծրագրից:

Ընտանիքը պահելու, բուժման ծախսերը հոգալու, ինչպես նաեւ վարկի տոկոսները փակելու համար Լալայանը ստիպված էր նոր վարկ վերցնել: Արդյունքում, վարկի գումարը այժմ կազմում է 1,5 միլիոն դրամ, ինչպես նաեւ բանկում ոսկու գրավադրման տոկոսը: Բոլոր տոկոսների ամսական վճարումները կազմում են մոտ 130 հազար:

Եթե ես բացարձակապես առողջ եմ, ապա թող ինձ ետ բանակ ընդունեն, եւ ես կկարողանամ վճարել վարկը եւ ընտանիքս պահել: Իսկ եթե ինձ համանդամ են համարում, պետք է հաշմանդամության II խումբ վերադարձնեն»,-նշում է Լալայանը։

Արդարության որոնման ճանապարհին նա դիմել է Պաշտպանության նախարարություն, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, ինչպես նաեւ կառավարությանը եւ անձամբ պատգամավոր Էդմոն Մարուքյանին:

Լալայանի ցանկությունն է՝ իր ընտանիքի համար ապահովել արժանապատիվ կյանք․ «Ինձ ասացին, որ ինձ կարող է օգնել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Ես բազմիցս դիմել եմ նախարարություն, բայց դեռեւս անօգուտ»։