Արցախի պաշտպանության բանակում որեւէ արտառոց պատահար տեղի չի ունեցել: Այս մասին ասված է Արցախի պաշտպանության նախարարության (ՊԲ) մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

«Ադրբեջանական որոշ լրատվական կայքերում այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայթյունի հետեւանքով 10 մարդ է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում եւ հակառակորդ երկրի քարոզչության երեւակայության հերթական վառ արգասիքն է:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակում որեւէ արտառոց պատահար տեղի չի ունեցել: Միաժամանակ, հորդորում ենք հետեւել պաշտոնական հաղորդագրություններին եւ տուրք չտալ ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին»,- ասված է ԱՀ ՊՆ հաղորդագրությունում: