PwC խորհրդատվական ընկերության վերլուծաբանները նոր հետազոտության արդյունքներով հայտարարել են, որ արհեստական ինտելեկտի զարգացումը չի հանգեցնի բոլոր աշխատատեղերի լիարժեք ոչնչացման, քանի որ ի հայտ կգան նոր մասնագիտություններ, որոնք ծավալով համարժեք կլինեն արդեն գոյություն ունեցողներին: Այս մասին գրում է HighTech-ը՝ վկայակոչելով Business Insider-ը:

Փորձագետները վերլուծել են Մեծ Բրիտանիայի շուկայի հնարավոր ապագան: Նրանց կարծիքով՝ արհեստական ինտելեկտը 38%-ով աշխատատեղեր կկրճատի տրանսպորտի ոլորտում, 30%-ով՝ արդյունաբերության: Չնայած սրան՝ նեյրոցանցերը նոր աշխատատեղեր կստեղծեն այլ բնագավառներում, օրինակ՝ առողջապահության ոլորտում:

Մինչեւ 2037 թվականն արհեստական ինտելեկտը Մեծ Բրիտանիայում կվերացնի գոյություն ունեցող աշխատատեղերի 20%-ը եւ նույնքան էլ աշխատատեղ կստեղծի: Ընդհանուր առմամբ, հետազոտության համաձայն, 7 մլն աշխատատեղ կփակվի եւ 7.2 մլն նոր աշխատատեղ կստեղծվի: