Ամերիկյան Boeing կորպորացիան նոր ինքնաթիռների կառուցման պայմանագիր է ստացել, որոնք նախատեսված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա հետնորդների համար: Պայմանագրի ծավալը կկազմի 3,6 մլրդ դոլար՝ հաշվի առնելով մեծ զեղչը, հայտնում է The Wall Street Journal-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ Boeing-ը երկրի ՌՕՈՒ-ի հետ պայմանագրի իրականացումը կսկսի 2019 թվականի սկզբին եւ կավարտի 2024 թվականի վերջին: ԱՄՆ վարչակազմը 1,5 տարի տեւած բանակցությունների ընթացքում հասել է զեղչի, ինչը ինֆլյացիան հաշվի առնելով կկազմի մոտ 1 մլրդ դոլար՝ Պենտագոնի նախնական ծրագրերի համեմատությամբ:

Այն, որ Boeing-ը ԱՄՆ նախագահի համար նոր օդանավեր է մատակարարելու, հայտնի էր դարձել 2015-ի հունվարին: Այս մասին որոշումն ընդունվել էր դեռեւս Բարաք Օբամայի վարչակազմի օրոք, սակայն հետո Թրամփը տարակուսանք էր հայտնել պայմանագրի արժեքի վերաբերյալ: «Boeing-ը մեր ապագա նախագահների համար կառուցում է  747 մոդելի միանգամայն նոր թիվ մեկ բորտ, սակայն դրա գինը ոչ մի կերպ չի վերահսկվում, այն 4 մլրդ դոլարից ավելի է: Պատվերը չեղարկել»,- 2016-ի դեկտեմբերին նշել էր նա Twitter-ի իր էջում:

Սպիտակ տան ղեկավարի ավիապարկը կազմված է 2 օդանավից, որ ստեղծվել են Boeing 747-200B-ի հիմքով: 2017 թվականին երկու օդանավերի շահագործման ժամկետը հասել է 30 տարվա: Դրանք առաջին անգամ օդ են բարձրացել 1987 թվականին, երբ երկրի նախագահը Ռոնալդ Ռեյգանն էր:

Բացի 2 օդանավերից, Սպիտակ տունը տնօրինում է 2 տասնյակից ավելի ուղղաթիռներ, որոնք հիմնականում հնացել են եւ փոխարինման կարիք ունեն: Դրանց մեծ մասը Sikorsky SH-3 Sea King են՝ արտադրված 1974 թվականին եւ ավելի ժամանակակից՝ 1989-ին արտադրված Sikorsky White Hawk: