ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանն անդրադարձել է Սեւանա լճի ջրի որակի մասին հրապարակումներին եւ տարածված տեսանյութին, որտեղ երեւում է, որ ջուրը անթափանց կանաչ գույնի է:

Փոխնախարարը նշել է հետեւյալը. «Այդ երեւույթի հիմնական պատճառը ջրի բարձր ջերմաստիճանն է (24-25°), որն էլ իր հերթին ֆիզիկական եւ կենսաբանական տարբեր պրոցեսների զարգացմանն է նպաստում եւ լավ պայմաններ են ջրիմուռների առատ աճման ու լճի ծաղկման համար, որոնք էլ ջրին նման տեսք են տալիս։

Այս երեւույթը միշտ կա, բայց այս տարի առավել ցայտուն է արտահայտված։ Վերջին անգամ նման առատությամբ նկատվել էր 2006թ-ին։ Նաեւ լճի մակարդակի անընդհատ բարձրացնելն ու իջեցնելը իր բացասական ազդեցությունն է թողնում։ Մոտ 10 օր կտեւի այս պրոցեսը, հետո կկրկնվի օգոստոսի երկրորդ կեսին»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Econews.am-ում շարունակվում են ահազանգեր ստացվել Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների մասին: Օրերս համացանցում հայտնվել է տեսանյութ, որը միանգամից գրավել է բնասեր եւ բնապահպան հասարակության ուշադրությունը: Քաղաքացիներից մեկը տեսանկարահանել է Սեւանա լճի ափամերձ հատվածում ջուրը կանաչ երանգ է ստացել: Քաղաքացին նշում է, որ դեպքն արձանագրվել է Շողակաթ (Շորժա) համայնքի ափին:

Այս երեւույթը հաճախ անվանում են լճի «ծաղկել», ինչը կարող է լինել մի շարք հանգամանքների հետեւանքով. ջրի մակարդակի իջեցում, եղանակային պայմաններ եւ այլն:

Ինչ է կատարվում Սևանա լճում. տեսչական մարմինն ուսումնասիրում է (վիդեո)