Հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմաբազան առանց տեղեկացնելու է զորավարժություն անցկացրել գյուղի տարածքում եւ վախեցրել է գյուղի բնակիչներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը:

«Սկզբում կրակոցի ձայներ լսեցինք, շատ վախեցանք, այնուհետեւ երբ հարցրեցինք, իմացանք, թե ինչ է կատարվում: Մեզ ասացին, որ զինավարժություն են անում, խնդրեցինք փաստաթուղթ ներկայացնել, չներկայացրեցին, ասացին՝ գաղտնիք է: Սակայն այսքան ժամանակ նման դեպք չէր եղել, միշտ զգուշացրել էին նախապես: Վերջում էլ ներողություն խնդրեցին»,-ասաց գյուղապետը:

Վարդան Մակեյանը նշեց, որ ռազմաբազայի զինտեխնիկան գյուղի տարածքում է եղել, երբ կրակոցներ են հնչել, գյուղի բնակիչները շատ են վախեցել, մինչեւ պարզվել է, թե ինչ է  կատարվում:

Գյուղապետի խոսքով՝ իրենք դիմել են ոստիկանություն, իրավապահները զբաղվում են այդ հարցով:

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն այսօրհանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու նախօրեին Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպը:

Ալեքսեյ Պոլյուխովիչը ներողություն խնդրեց եւ նշեց, որ միջադեպը անփութության արդյունք է եղել՝ վստահեցնելով, որ այսուհետ նման բացթողում իրենց աշխատանքներում չի լինի:

Փանիկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ռազմաբազայի հրամանատարությունը ծառայողական քննություն կսկսի: