Իրանն ավարտել է ցենտրիֆուգերի համար ռոտորների արտադրության գործարանի կառուցումը, ինչը թույլ կտա հասնել ուրանի հարստացման մակարդակի, որը բավարար է ռազմական նպատակների համար, հայտնում է Tasnim գործակալությունը:

«Հունիսի 4-ին մենք գործարանը մասնակի գործարկել ենք: Նույն օրը ես հայտարարեցի, որ գործարանն ամբողջությամբ պատրաստ կլինի մեկ ամիս հետո: Հիմա այս խնդիրը կատարված է»,- ասել է երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Նա նշել է, որ Իրանն այս գորածարանի կառուցմամբ զբաղված էր մինչ միջուկային գործարքի բանակցություններն էին վարվում, սակայն այն շահագործման չէր հանձնում:

Նրա խոսքով՝ գործարանի հզորությունները բավարար են, որպեսզի սկսեն օրական IR-6 60 ցենտրիֆուգի արտադրությունը: «Այդ դեպքում մենք կհասնենք օրական ուրանի 600 ЕРР հարստացման մակարդակին, այսինքն՝ ամսական 18 հազար ЕРР կամ 10 ամսում 180 հազար ЕРР: Այսպիսով, մենք ընդհուպ կմոտենանք պահանջվող 190 հազար ЕРР-ին»,- ասել է Սալեհին:

ЕРР-ը իզոտոպների բաժանման աշխատանքի միավոր է, սա միջուկային նյութերի հարստացման համար ցենտրիֆուգի արդյունավետության ցուցանիշն է: 190 հազար ЕРР մակարդակը բավարար է հարստացված միջուկային վառելիքի արտադրության համար, այդ թվում՝ ռազմական նպատակով:

Ավելի վաղ Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին երկրի Ատոմային էներգիայի կազմակերպությանը հրահանգել էր սկսել ուրանի հարստացման մասշտաբները մինչեւ 190 հազար ЕРР մակարդակ ընդարձակելու նախապատրաստումը, եթե Իրանի միջուկային ծրագրի միջազգային համաձայնագիրը չեղարկվի: