«Մարտահրավերների հանդեպ Սիրիայի հայերի և տեղի բնակիչների դիմադրողականության բարձրացումը» ծրագրի իրականացման համար կարեւոր է գիտակցել, որ այդ հարցում փողը հիմնական գործոնը չէ: Այս մասին հուլիսի 18-ին Երեւանում ծրագրի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պետր Սվիտալսկին:


Դեսպանը շեշտել է, որ այս ծրագիրը կտեւի երեք տարի: Այն բազմակողմանի է եւ ներառում է Սիրիայից փախստականների կյանքի բազմաթիվ ոլորտներ, այդ թվում նաեւ՝ առողջապահական, կրթական, սոցիալ-տնտեսական ոլորտները: Սվիտալսկին նաեւ նշել է, որ ԵՄ-ն այս ծրագրի իրականացման համար մոտ 3 մլն եվրո է տրամադրել: «Եվրամիության համար շատ կարեւոր է աջակցել Սիրիայից փախստականներին՝ Հայաստանում նոր իրողություններին նրանց լիարժեք ինտեգրման համար»,- վստահեցրեց դիվանագետը: Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ Հայաստանը Սիրիայից ամենաշատ փախստականներ ընդունած երկրներից մեկն է, եւ այդ կապակցությամբ Եվրամիությունը որոշել է աջակցել հանրապետությանը սիրիացի փախստականների ինտեգրման հարցում:

Դեսպանը նաեւ հույս է հայտնել, որ այս ծրագիրը կտա իր արդյունքները, եւ մոտ ապագայում Սիրիայից փախստականները կկարողանան տեսնել եւ զգալ դրանք՝ լիովին ինտեգրվելով հայ հասարակությանը: ԵՄ պատվիրակության ղեկավարը գտնում է, որ սիրիահայերի գիտելիքներն ու հմտությունները կարող են նպաստել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը: