Հայաստանի հասարակությունը Սիրիայից հայ փախստականներին սկզբում ջերմ եւ հյուրընկալ ընդունելություն ցույց տվեց: Այս մասին հուլիսի 18-ին Երեւանում «Սիրիահայերի եւ տեղացիների՝ մարտահրավերներին դիմադրողականության բարձրացումը» ծրագրի շնորհանդեսին ասաց սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նա վստահություն հայտնեց, որ հակամարտության հետեւանքով Հայաստան տեղափոխված սիրիացի փախստականների եւ հատկապես սիրիահայերի խնդիրները այս միջոցառմանը ներկա բոլոր կազմակերպությունների եւ կառույցների առաջնահերթություններից մեկն է: «Վստահ եմ, որ թավշյա հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակը ներկայիս կառավարությանը թույլ կտա գործընկերների հետ միասին ավելի արդյունավետորեն արձագանքել վերջինների առավել կարեւոր խնդիրներին»,- նշեց Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ «Սիրիահայերի եւ տեղացիների՝ մարտահրավերներին դիմադրողականության բարձրացումը» ծրագրի՝ IRIS-ի համար նախատեսվում է հատկացնել գրեթե 3 մլն եվրո: Ծրագիրը կիրականացվի 3 տարում, որի շրջանակում նախատեսվում է բարելավել մոտ 9 հազար սիրիահայերի հասանելիությունը գոյություն ունեցող բժշկական եւ սոցիալական ծառայություններին, բարելավել մոտ 300 ընտանիքների բնակարանային պայմանները, ընդլայնել 200 ձեռներեցների տնտեսական հնարավորությունները եւ նպաստել ավելի 3 հազար երեխաների ինտեգրմանը հայ հասարակությանը: