Կոռուպցիան  եւ բոլոր տնտեսվարողների համար հավասար հնարավորությունների չապահովելը Հայաստանում ամերիկյան ներդրումների ճանապարհին խոչընդոտ էր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

Հարցին, թե այսօր, երբ ՀՀ կառավարությունը լուրջ պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, հնարավո՞ր է ամերիկյան խոշոր ներդրումներ գան Հայաստան, դեսպանը պատասխանեց. «Կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված աշխատանքները, խաղի հավասար պայմանների ապահովումը շատ ողջունելի են ամերիկացի ներդրողների համայնքի կողմից: Բայց կարծում եմ՝ դեռ վաղ է նոր խոշոր ներդրումների մասին հայտարարելը կամ դրանք սկսելը Հայաստանում: ԱՄՆ գործարար համայնքի կողմից մենք շատ հարցումներ ենք ստանում Հայաստանում առկա հնարավորությունների մասին, հետաքրքրություն կա, բայց ներդրողները ցանկանում են տեսնել, թե արդյոք կառավարությունը հետամո՞ւտ է լինում կոռուպցիայի դեմ ուղղված քայլերին, քննությունները, որոնք սկսվել են կոռուպցիոն գործերով, ինչպես է դրանց ընթացքը ապահովվելու, դրանց համապատասխանությունը օրենքի եւ իրավունքի պահանջներին»:

Դեսպանը հավելեց, որ ամերիկացի ներդրողները նաեւ հետեւում են, թե ինչպիսի ընթացք է տալիս կառավարությունը տեղական ու օտարերկրյա, այդ թվում ամերիկացի գործարարների խնդիրներին, եթե հարկային խնդիրներ են ծագում, ինչպես է այդ ընթացքը ապահովվում «Նաեւ հետեւում են «Լիդիան Արմենիայի» շուրջ տեղի ունեցող գործընթացների ընթացքին: Կառավարության հանձնառությունները, գործողությունները ինձ վստահություն են ներշնչում, եւ ես ապագա ամերիկյան ներդրումների մասով վստահ եմ»,-ընդգծեց Միսլը: