Բրիտանական Amalgam ընկերությունը, որը մասնագիտացած է մասշտաբային մոդելների թողարկման ոլորտում, ներկայացրել է McLaren Senna հիպերքարի փոքրացված պատճենը: Մանրակրկիտ մշակված մոդելը, որը պատրաստվել է 1:8 մասշտաբով, գնահատել են նվազագույնը 8 184 դոլար: Մեքենայի գինը, որը կառուցվել է հաճախորդի ցանկությունների համաձայն, հասնում է մինչեւ 10 584 դոլարի, փոխանցում է Motor-ը: 

Խաղալիք McLaren Senna-ի երկարությունը կազմում է 600 մմ: Մասշտաբային մոդելի մշակումը տեւել է 3 հազար ժամ: Այն կատարվել է մակնիշի դիզայն ստուդիայի հետ համագործակցությամբ, որը տրամադրել է նյութերի յուրահատկությունները եւ հիպերքարի նախագծային օրիգինալ փաստաթղթավորումը: Մեքենայի հավաքման եւ ներկման համար ծախսվել է մոտ 300 ժամ:

McLaren Senna-ն բրիտանական արտադրողի հավաքածուում ամենաէքստրեմալ ճանապարհային մոդելն է: Հիպերքարը կարտադրվի 499 օրինակով: Senna-ն կունենա 4-լիտրանոց թվին-տուրբո՝ 800 ձիաուժ հզորությամբ եւ 800 Նմ պտույտի պահով, համադրված 7-աստիճանի ռոբոտացված փոխանցման տուփով: McLaren Senna-ն առաջին «հարյուրյակը» զարգացնում է 2,8 վայրկյան հետո: Առավելագույն արագությունն է ժամում 340 կմ: