Եվրոպայի խորհրդի՝ կտտանքների ու անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատիժների կանխարգելման հարցերով հանձնաժողովը այսօր հրապարակել է զեկույցներ 2004, 2012, 2013, 2015, 2016, 2017 թվականներին Ադրբեջան  կատարած վեց այցելությունների ու նաեւ ադրբեջանական կառավարության արձագանքի  մասին։ Այսպիսով Ադրբեջան այցելությունների մասին հանձնաժողովի բոլոր զեկույցները հիմա հրապարակային են դարձել։

Ադրբեջանում տիրող իրադրության մասին հանձնաժողովի ընդհանուր տպավորությունն այն է, որ կտտանքներն ու ոստիկանության, մյուս իրավապահ մարմինների ու բանակի կողմից դաժան վերաբերմունքի մյուս ձեւերը, նաեւ իրավապահ համակարգում կոռուպցիան ու անպատժելիությունը համակարգային բնույթ են կրում, լայնորեն տարածված են ու արմատախիլ չեն արվում։ 2017-ին կատարած հատուկ այցելության եզրահանգումները թույլ են տալիս եզրակացնել տարբեր իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում բռնության կիրառման ընդհանուր միտումի առկայության մասին։

Բացի դրանից՝ կան անպատժելիության ու դաժան վերաբերմունքի մասին հաղորդումների պատշաճ հետաքննության բացակայության, բանտարկյալների համար իրավական արդյունավետ իրավական երաշխիքների,  փաստաբանի հասանելիության, կալանավորման մասին ծանուցման, բուժօգնության ու իրավունքների մասին տեղեկատվություն ստանալու հետ կապված լուրջ խնդիրներ։  

Բացի դրանից, չնայած օրենսդրական բարեփոխումներին ու հին բանտերի վերանորոգմանն ու նորերի շինարարությանը՝ պահպանվում են բանտերի գերծանրաբեռնվածության, նյութական վատ պայմանների, բուժսպասարկման ցածր մակարդակի, բանտերի աշխատակիցների անբավարար քանակության ու ցածր աշխատավարձերի խնդիրները։ Այդ ամենը բարդացնում է կոռուպցիայի դեմ պայքարը ու բանտերում բանտարկյալների միջեւ բռնության դեպքերի կանխարգելումը։