2018 թվականի հուլիսի 17-18-ը ՀՀ արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Թբիլիսիում ընթացող Բաց կառավարման գործընկերության 5-րդ համաշխարհային գագաթնաժողովին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այն նվիրված էր որոշումների կայացմանը քաղաքացիական ներգրավվածության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարին եւ հանրային ծառայությունների առավել արդյունավետ մատուցմանը։ Գագաթնաժողովի նպատակներն էին նաեւ նպաստել համագործակցային ուսուցմանը, ոգեշնչել բաց կառավարման գործընկերներին բարձրացնել հավակնությունների մակարդակը եւ առաջ մղել բաց կառավարության օրակարգը՝ նոր մարտահրավերներին դիմակայելու եւ աշխարհում քաղաքացիների կյանքը բարելավելու համար։

Գագաթնաժողովի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարը հանդես է եկել ելույթով` ներկայացնելով Հայաստանում այս տարվա ապրիլ մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքներով ձեւավորված նոր կառավարության առաջնահերթությունները, կոռուպցիայի դեմ պայքարի եւ որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի բարձրացման ուղղությամբ նախատեսվող քայլերը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության ջանքերն ուղղված Արեւելյան գործընկերության «20 արդյունք մինչեւ 2020-ը» փաստաթղթի արդյունավետ եւ լիարժեք կատարմանը:

Նախարարը մասնակիցներին է ներկայացրել նաեւ հեղափոխությունը բարեփոխումների կայուն գործընթացի վերածելու Կառավարության տեսլականը:

Արդադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը գործընկերներին ներկայացրել է հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Կառավարության կողմից կիրառվող եւ ծրագրավորված նորարարական մոտեցումները:

Գագաթնաժողովը ծառայել է որպես արդյունավետ ձեւաչափ ԲԿԳ անդամ պետություններում իրականացվող բարեփոխումների եւ համշխարհային մասշտաբով նորարարության զարգացման ու կիրառման տենդենցների վերաբերյալ մտքերի գործընկերային փոխանակության, ինչպես նաեւ երկկողմանի հանդիպումների համար:

Այսպես, գագաթնաժողովի ձեւաչափում նախարարն ունեցել է տարբեր հանդիպումներ Բաց կառավարման գործընկերության քարտուղարության ներկայացուցիչների, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավարի օգնականի եւ այլ պաշտոնատար անձանց հետ:   

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Վրաստանի իր գործընկերոջ՝ Թեա Ցուլուկիանիի հետ հանդիպման ընթացքում քննարկել է արդարադատության ոլորտում համագործակցության ուղղություններն ու նախանշել դրանք խորացնելու լուրջ հանձնառությունն ու ներուժը:

Նախարար Զեյնալյանը մասնակցել է նաեւ Վրաստանի, Արգենտինայի, Ալբանիայի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի իր գործընկերների հետ «Stand Up For Justice» խորագրով քննարկմանը, որտեղ նախարարները ներկայացրել են ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրագործման ազգային գործողությունների ծրագրերը եւ անդրադարձել իրենց երկրներում արդարադատության մատչելիությանն առնչվող քայլերին ու մարտահրավերներին: