Չորեքշաբթի Եվրահանձնաժողովը Google-ին 4,35 մլրդ եվրոյով տուգանել է ԵՄ-ում ընկերությունների դեմ վարվող հակամենաշնորհային երեք քննություններից ամենակարեւորի շրջանակում՝ Android բջջային սարքերի համար օպերացիոն համակարգերի շուկայում գերակա դիրքի չարաշահման մեղադրանքով, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«2011 թվականից Google-ն ապօրինի կերպով սահմանափակել է Android-ով ՕՀ-ով սարքեր արտադրողների եւ բջջային ցանցերի օպերատորների աշխատանքը, որ ամրապնդի համացանցային որոնման շուկայում գերակա դիրքը»,- նշված է ԵՀ հաղորդագրության մեջ:

Տուգանքի գումարը նոր համաշխարհային ռեկորդ է հակամենաշնորհային քննությունների համար, հայտնում է Bloomberg-ը: Այն 2 անգամ քիչ է հնարավոր առավելագույնից՝ 11 մլրդ եվրո կամ 10 տոկոսով Alphabet Inc.-ի՝ Google-ի հոլդինգային ընկերության համաշխարհային շրջանառությունից, սակայն զգալիորեն մեծ է, քան դեռեւս գարնանը կանխատեսում էին վերլուծաբանները:

Եվրահանձնաժողովը Google-ին պարտավորեցրել է 90 օրում դադարեցնել նման «ապօրինի պրակտիկան»՝ հրաժարվելով սմարթֆոն արտադրողների եւ Android-ով աշխատող հավելվածներ մշակողների համար սահմանափակումներից: Պահանջների չկատարմանը կարող են հետեւել ԵՄ նոր տուգանքներ եւ պատժամիջոցներ:

Google-ը հայտարարել է ԵՀ որոշումը բողոքարկելու մտադրության մասին: Նման մոտեցումը վնաս է հասցնում մրցակցությանը եւ կրճատում սպառողական ընտրությունը, կարծում են ԵՀ-ում:

Android օպերացիոն համակարգը տեղադրված է աշխարհում օգտագործվող սմարթֆոնների ավելի քան 80 տոկոսի մեջ:

Android-ի գործը Google-ի դեմ Եվրահանձնաժողովի 3 քննություններից ամենազգայունն ու թանկարժեքն է: Այն առնչվում է ահռելի հատվածի, ինչը ընկերությանը թույլ է տվել իր համար ամուր դիրքեր ստեղծել բջջային սարքերի միջոցով որոնման եւ գովազդի շուկայում: