Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է անվանի լողորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Շավարշ Կարապետյանին:

«Ուրախ եմ, որ ավելի հաճախ եմ Ձեզ տեսնում Երեւանում, վերջին երեք ամսում սա մեր երկրորդ հանդիպումն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այսուհետ Շավարշ Կարապետյանի կապը հայրենիքի հետ կլինի առավել ամուր:

Վարչապետի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են,  իր հերթին, անվանի լողորդը վարչապետ Փաշինյանի գլխավորած կառավարությանը մաղթել է հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի ու հայ ժողովրդի: «Ցանկանում ենք, որ այն հաղթանակը, որ տարաք՝ դառնա ողջ հայ ժողովրդինը: Բոլորս  աշխատում ենք մասնակիցը լինել հայրենիքի բարգավաճմանը»,- ասել է Շավարշ Կարապետյանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանում կան բազմաթիվ հայ շնորհալի երիտասարդներ, որոնք պատրաստ են լինել ՀՀ կառավարության կողքին, ներգրավվել կառավարման համակարգում եւ մասնակիցը դառնալ Հայաստանի զարգացմանը:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նրանց տվյալները փոխանցել ՀՀ վարչապետի աշխատակազմ, որտեղ կքննարկվի նրանցից յուրաքանչյուրի հայտը եւ կտրվի համապատասխան արձագանք: