ԱՄՆ-ի կողմից առեւտրի միջոցով Եվրամիությունը պառակտելու ջանքերն անօգուտ են: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, հաղորդում է AFP-ն:

Յունկերի խոսքով՝ նա կցանկանար հասցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առեւտրի մասով հիմնական կետերը: Ընդ որում, Յունկերը խոստովանել է, որ դա անելու իր նախորդ փորձերը հաջողությամբ չեն պսակվել: «Եվրամիությունը եւ նրա միասնական շուկան անբաժանելի են»,- ասել է նա՝ մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը՝ եվրոպական երկրների հետ երկկողմ առեւտրային հարաբերություններ հաստատելու մասին:

«Եվրոպացիներին բաժանելու բոլոր ջանքերն ապարդյուն են»,- ասել է Յունկերը: «Կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների հաստատմանն ուղղված այս բոլոր ջանքերը, որոնք պետք է իրականացվեն մեր գործընկերների եւ Հանձնաժողովի, եւ, հետեւաբար, նաեւ Եվրամիության միջեւ, պետք է ավելի լավ բացատրվեն»,- ավելացրել է նա:

Նշենք, որ Յունկերը հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն, որտեղ հանդիպում կունենա Թրամփի հետ եւ կփորձի համոզել նրան հրաժարվել մետաղների համար սահմանած մաքսատուրքերից եւ խուսափել ավտոմեքենաների համար լրացուցիչ սակագներից: