Արմավիրի մարզում խմբի կողմից կազմակերպված բնակարանային գողության փորձի մեջ մեղադրվող Արտավազդ Ղազարյանի հայրը՝ Աշոտ Ղազարյանը, պահանջում է փոխել որդու խափանման միջոցը, հակառակ դեպքում կդիմի կտրուկ միջոցների:

«Մեղադրող Արա Մնացականյանն անհիմն իմ երեխին պահում է կալանքի տակ, անհիմն: Որդուս մեղադրում են ապօրինի բնակարան մուտք գործելու, գողության փորձի մեջ, բայց դա էլ իրենց գլխին սարքում են: Անունները կարող եմ տալ՝ Արթուր Առաքելյանը, Վահագն Միքայելյանն ու Վասիլյանը, որն Արմավիրի քրեականի պետն է ու ամբաստանյալներից Վոլոդյա Կիրակոսյանի կնոջ սիրեկանը: Ու հիմա Վոլոդյա Կիրակոսյանը, ծանր հանցագործություն գործած, այսօր դուրսն է, իր ընկերները՝ կալանքի տակ: Ի՞նչն է պատճառը, բա ինչի՞ Վոլոդյա Կիրակոսյանը հանրության համար վտանգ չի ներկայացնում, կամ իմ տղան ճանաչո՞ւմ է Վոլոդյա Կիրակոսյանին, իհարկե՝ ոչ: Պետական մեղադրողը թող պատասխան տա՝ ի՞նչ վնաս պիտի տա, եթե չի ճանաչում: Մեղադրողը զապիս արած ոնց որ լինի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Ղազարյանը:

Հոր խոսքով՝ Արտավազդ Ղազարյանը նախկինում էլ մեղադրվել է Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, նախաքննության եւ դատաքննության ընթացքում նա եղել է ազատության մեջ. «Դատախազն ասում է՝ կարող է նիստերին չներկայանա, բայց իմ տղան նախորդ գործով 1.5 տարի բոլոր դատերին մասնակցել է, դատական պրոցեսը չի խանգարել, չի խոչընդոտել»:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 18-ին մերժեց Արտավազդ Ղազարյանին ստորագրությամբ կամ գրավով ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը: Աշոտ Ղազարյանը նշեց, որ պատրաստվում է կտրուկ քայլերի դիմել: Թե ինչ քայլեր է ձեռնարկելու, ամբաստանյալի հայրը փակագծերը չբացեց:

«Ես արդարություն եմ պահանջելու՝ ընդհուպ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, ոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Մնացածն ուրբաթ օրը»,- խոսքը եզրափակեց Աշոտ Ղազարյանը:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Արտավազդ Ղազարյանը, Սեւանի բնակիչներ Խաժակն Ոսկանյանի ու Հայկ Ավանեսյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով մասնակցել են Արմավիրի բնակիչ Լեւոն Սմբատյանի եւ Մեծամորի բնակիչ Վոլոդյա Աբրահամյանի կողմից կազմակերպված, ապօրինի բնակարան մուտք գործելով՝ ուրիշի գույքի զգալի չափի գաղտնի հափշտակության՝ գողության փորձին։

Արտավազդ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: