Թեղուտի պոչամբարի հետագա շահագործումը լուրջ բնապահպանական ռիսկեր է պարունակում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է  Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։ Նրա խոսքով, Թեղուտի պոչամբարը թեք է կառուցվել, նախագծային խախտումներով, սողանցքային գործընթացներով տարածքում։ Մինչդեռ, պաշտոնական փաստաթղթերը ուսումնասիրելու դեպքում ակնհայտ կդառնա, որ դեռեւս 2006-2007 թթ․ փորձագիտական գնահատական էր հնչում սողանցքային գոտում պոչամբարի կառուցման անթույլատրելիության մասին։

Սանասարյանը նշեց, որ լեռնահանքային գործունեության թափոնների դեպքում սողանցքային զանգվածների ավերիչ ուժը կաճի 1,5 անգամ։ Ինչպես նշվել է՝ Թեղուտի պոչամբարում ամբողջական դամբայի փոխարեն կառուցվել է հողապատնեշ, որը արտակարգ պատահարի դեպքում ունակ չի լինելու պահել թափոնների միլիոնավոր տոննաները։ Իրավիճակը խորանում է, քանի որ  Խառատանոց գետի կիրճում կառուցված պոչամբարը փաստացի կախված է Շնող գյուղի վրա:

Սանասարյանը, վկայակոչելով պաշտոնական տվյալները, նշեց, որ Թեղուտի հանքավայրի շահագործման մեկնարկից ի վեր թափոնների քանակը տարեկան կտրվածքով կազմել է 8 մլն տոննա: Դա նշանակում է, որ  շահագործման 3 տարվա ընթացքում Թեղուտի պոչամբարում կուտակվել է շուրջ 24 մլն տոննա պոչ:

«Սողանքային գործընթացների ակտիվացման եւ հողային դամբայի խաթարման դեպքում պոչամբարի պարունակությունը կվարարի Շնող գյուղը եւ կլցվի Դեբետ գետ։ Այդ դեպքում խոսքը լայնամասշտաբ բնապահպանական եւ տնտեսական աղետի մասին կլինի, հողը եւ ջրային ռեսուրսները ծանր մետղներով կլցվեն»,-շեշտել է փորձագետը։

Սանասարյանը նաեւ մատնանշել է, որ իր ունեցած տեղեկատվության համաձայն, Թեղուտի պոչամբարի հատակը մեկուսացված չէ, թեեւ շինարարության ընթացքում հակառակ խոստումներ են հնչել:

«Նույնիսկ եթե ընկերությունը ցանկանա նորմալ դամբա կառուցել, դա իրավիճակը չի փրկի։ Գրունտում ջրի ներթափանցման պատճառով սողանցքային գործընթացներն ավելի ենակտիվանում»,-հավելել է նա։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին «Թեղուտ» ՓԲԸ հիմնադիր Վալեքս գրուպը դադարեցրել է Թեղուտի հանքավայրի շահագործումն անորոշ ժամանակով։ Որոշումը ընկերությունը հիմնավորել էր ծավալունգիտակիրառական ու գիտահետազոտական աշխատանքներ կատարելու անհրաժեշտությամբ։

Ավելի վաղ ներկայացված Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատի հայտով նախատեսվում է բացհանքի 142.2 միլիոն տոննա արտադրողականությունը ավելացնել 15 միլիոն տոննայով: Գործընթացը պետք է իրականացվի երեք փուլով. 2017թ-ին արտադրողականությունը կավելանա 8 միլիոն տոննայով, 2019-ին՝ կհասնի 12 միլիոն տոննայի , իսկ 2024-ին` 15 միլիոն տոննայի: Արտադրողականության մեծացման արդյունքում օպտիմալացված բացահանքը վերջնական դիրքում կունենա 1606 մետր առավելագույն երկարություն եւ 1016 մետր առավելագույն լայնություն վերեւում, իսկ օտարման տարածքը կկազմի 103,5 հեկտար:

Հավելենք, որ պղնձի եւ մոլիբդենի պաշարների ծավալով Թեղուտի հանքավայրը երկրորդն է հանրապետությունում` Քաջարանի պղնձամոլիբդենայինից հետո։ Թեղուտում հաստատված պաշարները կազմում են 450 մլն տոննա հանքաքար, այդ թվում 1,6 մլն տոննա պղինձ` 0,355% պարունակությամբ, եւ 99 հազար տոննա մոլիբդեն` 0,022% պարունակությամբ: