Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 18-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի եւ Արեւելյան գործընկերության հարցերով դեպարտամենտի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում Քոչարյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության մոտեցումները դատաիրավական ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցության խորացման եւ արդյունավետության բարձրացման վերաբերյալ:

Կողմերն անդրադարձել են Եվրոպական Միության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին առնչվող մի շարք հարցերի: Մասնավորապես՝ քննարկվել են իրականացվող համատեղ ծրագրերի ընթացքին եւ դատաիրավական բարեփոխումների աջակցության վերաբերյալ քաղաքական երկխոսության կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ համագործակցության նոր ծրագրերի մասին: