Հայաստանում կան վարկային ծրագրեր, որոնք չեն իրագործվում, նույնիսկ չեն մեկնարկվել, երբեմն կիսատ են մնացել, ուրիշների կողմից պարտավորությունները չկատարելու պատճառով: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այդ վարկային ծրագրերով Հայաստանը վճարումներ է իրականացնում. «Այս իրավիճակը մենք պետք է խորությամբ հասկանանք և քննարկենք: Ես կխնդրեի, որ բոլոր նախարարները իրենց նախարարությունների մասով պարզեն այսպիսի ծրագրերի գոյությունը եւ ցանկը ներկայացնեն ինձ:

ՀՀ վարչապետն ընդգծեց՝ առնվազն մի քանի նախարարներ նման իրավիճակ հայտնաբերել են. «Այսինքն վարկային պայմանագիր է ստորագրվել, վարկի իրագործումը չի սկսվել, բայց Հայաստանը վճարումներ է անում: Կամ երկկողմ ու եռակողմ պայմանագիր է ստորագրվել, մյուս կողմն իր պարտավորությունները չի կատարում, բայց Հայաստանը վճարում է տուգանքներ: Սա մի իրավիճակ է, որ մենք խորությամբ պետք է հասկանանք, առնվազն տարօրինակ իրավիճակ է, չեմ ուզում վերջնական գնահատականներ տալ», - ասաց Նիկոլ Փաշինյանը: