Չինաստանում ռոբոտատեխնիկայի առաջատար ընկերություններից մեկը՝ China Railway Rolling Stock Corporation-ը (CRRC), ստորջրյա փոխադրումների համար նոր հեռակառավարվող սարք է ներկայացրել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Global Times թերթը:
Ռոբոտն «առաջին նման սարքն է, որը մշակված է առեւտրային օգտագործման համար»:

Ինչպես եւ մյուս հեռակառավարվող ստորջրյա սարքերը, ներկայացված մոդելը կօգտագործվի հետազոտական նպատակներով՝ փրկարարական աշխատանքների, ստուգման աշխատանքների, ջրի հատակից օբյեկտների դուրսբերման, ինչպես նաեւ նավթագազային համալիրի աշխատանքներին ուղեկցելու համար:

Սակայն, ինչպես նշում են CRRC- ի ներկայացուցիչները, նոր ռոբոտն «իր հզորությամբ գերազանցում է գոյություն ունեցող անալոգները». սարքում ներկառուցված շարժիչը 250 ձիաուժ հզորություն ունի, ինչը «համարժեք է BMW X6 մակնիշի ավտոմեքենային»: 5 տոննա քաշով մեքենան կարող է 4 տոննա բեռ տեղափոխել:

Ինչպես պարբերականին պատմել է CRRC-ի դուստր ձեռնարկության՝ Soil Machine Dynamics (SMD) արտադրող ընկերության ղեկավարի տեղակալ Յան Յունը, «նոր սարքը կարող է աշխատել մինչեւ 3000 մետր խորության վրա՝ իրական ժամանակի ռեժիմում, մեկից երեք մետր տեսանելիության պայմաններում»: