Այդ անձնավորությունը ալրաղացի Լյովիկի քրոջ որդին չէ, քանի որ նա քույր ունի, բայց քույրը տղա չունի: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, ըստ որոնց Բագրատաշենի մաքսակետի պետ է նշանակվել «Պիտուլ. Մականունով հայտնի Արթուր Գասպարյանը, որն Ալրաղացի Լյովիկի՝ Լեւոն Սարգսյանի, քրոջ որդին է եւ ՊԵԿ նախկին ղեկավարության հովանավորյալը:

«Ինչ - որ հեռավոր ազգակցական կապ ունեն, այնուամենայնիվ: Մամուլի հաղորդագրությամբ հերքումը տվել էինք, որտեղ նաեւ գրված էր, որ ըստ աշխատակիցների, տվյալ անձնավորությունը կամ պաշտոնյան, ինքը մասնագիտական առումով պատրաստված չէ եւ կոռուպցիոն առումով որոշակի մտահոգություններ են հայտնել մեր աշխատակիցները: Ես ուղղակի ծառայողական քննություն եմ նշանակել, որի արդյունքում կպարզվի աշխատակիցները նման բան ասել են, թե՝ ոչ, եւ, ընդհանրապես, այդ մարդը այդպիսի որակական չակերտավոր ասած բաների մեջ վերապահումները տեղին են, թե՝ չէ»,-հայտարարեց ՊԵԿ նախագահը:

Դիտարկմանը, թե Դուք նշանակում եք, հետո ծառայողական քննություն նշանակում, հնարավոր չէ՞ նման նշանակումներ չանել, թե՞ կադրեր չկան, Դավիթ Անանյանն արձագանքեց. «Կադրեր կան, եւ կադրերը շատ են: Կարեւորը այն չէ, թե մենք ինչ որոշումներ ենք ընդունում, կարեւորն այն է, թե մենք որոշումների գերին ենք մնում, թե չէ:

Եթե մենք որոշում ենք ընդունել եւ տեսնում ենք, որ մեր որոշումներում որոշակի առումով վերապահումներ կան, մենք ուրիշ որոշումներ ենք ընդունում եւ անցնում առաջ: Եթե ձեզ թվում է, որ իմ անելիքը առավոտից երեկո դարդ անելն է՝ վայ էս ինչ կադր նշանակեցի… կներեք, դրանում չի իմ անելիքը: Իմ անելիքը հարկային վարչարարությամբ հարկային եկամուտներն ապահովելն է եւ հարկային հսկողություն իրականացնելն է եւ մաքսային, այո, բայց կադրերի միջոցով:  Դուք գնահատեք մեր աշխատանքը, այլ ոչ թե օրինակ Անանյանը լավ կադրային քաղաքականություն է իրականացնում, թե չէ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժամանակ» թերթի փոխանցմամբ, նախկին կոռուպցիոներները ոչ մի կերպ չեն կարողանում «նոր մտածելակերպով» աշխատել։ «Վառ ապացույցը Բագրատաշենի մաքսակետի պետի նշանակումն է, որից հետո մաքսակետում թույլ չեն տալիս առանց մաքսավճարի ներմուծված ապրանքների մուտքը Հայաստան։ Առանց կաշառքի հնարավոր չէ անցկացնել անգամ օրենքով թույլատրված կիլոգրամով կամ խմբաքանակով ապրանքները։ Եվ այս բարքերը մաքսատուն վերադարձրել է վերջերս նշանակված Արթուր Գասպարյանը, որն առավել հայտնի է Պիտուլ մականունով։

Պիտուլը Ալրաղացի Լյովիկի՝ Լեւոն Սարգսյանի քրոջ որդին է եւ ՊԵԿ նախկին ղեկավարության հովանավորյալը, որը հեղափոխությունից հետո շարքային տեսուչից միանգամից նշանակվեց Բագրատաշենի մաքսակետի պետ։ Մաքսակետի աշխատակիցների խոսքերով՝ իրենք երբեք այդքան անգրագետ, միեւնույն ժամանակ այդ կարգի կաշառակեր ղեկավար չեն տեսել։

Ի դեպ նշենք, որ Պիտուլը՝ Արթուր Գասպարյանը, նախկինում երեք դրվագով անցել է կաշառքի գործով»,-գրել է թերթը: