ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 19-ին, իր նիստում հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2017-ին, ընդհանուր առմամբ, 44 ստուգում է իրականացվել, որոնք եղել են եւ ծրագրավորված ստուգումները, եւ իրավապահների պահանջով իրականացված, նաեւ վարչապետի հանձնարարականով իրականացված ստուգումները: Արձանագրվել է 4 մլրդ 978 մլն դրամի խախտում, որից վերականգնվել է 1 մլրդ 109 մլն դրամ:

Վարչապետի հարցին, թե մնացածն ինչո՞ւ չի վերականգնվել, ֆինանսների նախարարը պատասխանեց. «Ամեն մեկն իր ճակատագիրն ունի: Կարեւոր է, թե ինչ բովանդակություն են ունենում եւ ինչից են ծագում այդ խախտումները: վերահսկողություն իրականացնող մարմինն արձանագրում է այն, ինչ տեսնում է, բայց այդ խախտումները երբեմն թաքնված են ոչ թե կատարման մեջ, այլ այն կարգավորումների մեջ, որով այդ կատարումն արվել է: Այսինքն ակնկալել, որ եթե մի գումար արձանագրվել է, այդ ամբողջը կվերականգնվի, տեղին չի կարող լինել: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք չէին էլ կարող վերականգնվել: Այդպիսի բաներ կա այս պատմության մեջ: Պետք է այնպես անել, որ երկակի մեկնաբանության տեղ չլինի: Յուրաքանչյուր կարգավորում, անգամ վատ կարգավորում պետք է պահել, ոչ թե կատարել խախտմամբ»:

ՀՀ նախարարները, ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների ղեկավարները, ՀՀ մարզպետներն ի գիտություն կընդունեն հաշվետվությունը եւ կձեռնարկեն միջոցներ՝ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու եւ հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ: