Հնարավոր է Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունը տեսաձայնագրվի: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ հավելելով, որ Ռոբերտ Քոչարյանը ծանուցված է հուլիսի 26-ի համար, նախատեսվում է, որ հուլիսի 26-ին պետք է ներկայանա:

«Դեռեւս չենք քննարկել, կքննարկենք, բայց հնարավոր է տեսաձայնագրել, իսկ հրապարակայնացնելու հետ կապված արդեն վարույթն իրականացնող մարմինը կորոշի՝ ինչ չափով հրապարակայնացնել, կամ ընդհանրապես չհրապարակայնացնել, դա կորոշվի գործի շահերից ելնելով»,-ասաց նա:

ՀՔԾ պետը նշեց, որ որպես վկա կարող է հարցաքննվել ցանկացած անձ, որը կարող է կարեւոր տեղեկատվություն տալ, այս առումով որեւէ սահմանափակում չկա:

NEWS.am-ի հարցին էլ պատասխանելով, թե ինչ կլինի, եթե Ռոբերտ Քոչարյանը նախատեսված ժամկետում չներկայանա, ՀՔԾ պետն ասաց, որ օրենքի տառին համապատասխան իրենք գործողություններ կձեռնարկեն: