«Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հրապարակել է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին նվիրված խորհրդարանական քննարկման ժամանակ իր ելույթի տեսանյութը, որում լսվում է, թե ինչպես է ելույթի ժամանակ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասում. «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։

Այս առնչությամբ Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ազգային ժողովի փոխնախագահը երեւի չէր պատկերացնում, որ ուղիղ եթերում է: Բայց սյուռն այն է, որ այդ հանդիպումից հետո Արփինեն ինձ շատ ընկերական ոճով պատմում էր, թե ինչ լավ է վերաբերվում ինձ: Ակնկալում եմ հրապարակային ներողություն կամ պարզաբանում (եթե խոսքերն ինձ չէին ուղղված)»,- գրել է նա։

Ավելի ուշ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ում արձագանքել է գրառմանը եւ ներողություն խնրել. «Խոսքերս իրականում վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին (պարզ չէր՝ ի վերջո ինչի մասին է քննարկումը), եւ որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երեւույթը (գուցե անհաջող եմ ձեւակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ եւ բնականաբար հայցում ներողամտություն։ Ավելորդ լարվածություն ստեղծելու կարիք չկա։ Այո, համարել եմ ու համարում եմ, որ Դանիելի հետ լավ հարաբերություններ ունենք»,-գրել է նա: