ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կեղծ լուրեր հրամցնող որոշ լրատվամիջոցներ ցանկանում են լուրջ առճակատում տեսնել Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ, որը կարող է պատերազմի հանգեցնել երկու երկրների միջեւ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ֆեյքային լրատվամիջոցներն այնքան շատ են ուզում լուրջ առճակատում տեսնել Ռուսաստանի հետ, անգամ՝ այնպիսի առճակատում, որը կարող է պատերազմի հանգեցնել: Նրանք այնքան ուժեղ եւ անխոհեմ են ճնշում գործադրում եւ ատում են այն փաստը, որ ես, հավանաբար, լավ հարաբերությունների մեջ կլինեմ Պուտինի հետ»,- գրել է Թրամփը Twitter-ում:

Հուլիսի 16-ին Հելսինկի քաղաքում տեղի ունեցավ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի առաջին լիագումար հանդիպումը: Նախագահները նախ ավելի քան երկու ժամ զրուցել են դեմ առ դեմ, ապա պատվիրակությունները ճաշել են ընլայնված կազմով, իսկ հետո երկու նախագահները պատասխանել են լրագրողների հարցերին: Հանդիպումից հետո առաջնորդները հայտարարել են երկու երկրների միջեւ հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին: