ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հուլիսի 16-ին Հելսինկիում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն ընդհանուր առմամբ հաջողված էր եւ երկկողմ հարաբերություններում դրական փոփոխությունների սկիզբը դրեց, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ որում՝ նա նշել է, որ Վաշինգթոնում մի շարք ուժեր փորձում են գագաթնաժողովի արդյունքներից հրաժարվել:

ՌԴ ԱԳՆ-ում ելույթ ունենալով դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցությանը՝ Պուտինը նշել է, որ Դոնալդ Թրամփի հետ իր առաջին լիամասշտաբ հանդիպումն «ընդհանուր առմամբ հաջողված էր, բերեց օգտակար պայմանավորվածությունների»: «Տեսնենք, իհարկե, թե հետագայում իրադարձություններն ինչպես կզարգանան, առավել եւս, որ Ամերիկայում որոշակի ուժեր փորձում են նվազեցնել Հելսինկիում հանդիպման արդյունքները»,- շեշտել է ՌԴ նախագահը:

Պուտինի խոսքով՝ «հայացքների ամբողջ տարբերությամբ հանդերձ», Թրամփի հետ համակարծիք էին, որ «ռուս-ամերիկյան հարաբերությունները չափազանց ոչ գոհացուցիչ վիճակում են, շատ չափանիշներով՝ նույնիսկ ավելի վատթար, քան սառը պատերազմի տարիներին»: «Իհարկե, պարզամտություն է մտածել, որ տարիներով կուտակված խնդիրները մի քանի ժամում կլուծվեն, սակայն ոչ մեկը նման հույսեր չուներ, այդուհանդերձ, կարծում եմ, որ այդ դրական փոփոխությունների ճանապարհն, այնուամենայնիվ, սկսվել է»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը կարծում է, որ ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորման հզոր հակառակորդները իրենց քաղաքացիներին հակառուսական դիրքորոշման են մղում, ինչը պետք է հաշվի առնել աշխատելիս: Նա վստահ է, որ քաղաքական գործիչները մշտապես պետք է մտածեն իրենց երկրի հիմնարար շահերի մասին եւ դրանք մնացյալ ամեն ինչից վեր դնեն: «Սակայն, ո՛չ: Միացյալ Նահանգներում մենք տեսնում ենք, որ կան ուժեր, որոնք իրենց խմբային, նեղ կուսակցական շահերը վեր են դնում համազգայիններից: Այդպիսի մարդկանց մասին ժամանակին լավ են գրել մեր հայտնի երգիծաբան գրողները (Իլյա Իլֆն ու Եվգենի Պետրովը)՝ «խղճուկ, չնչին մարդիկ»,- նշել է Պուտինը:

Միաժամանակ, ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսությանը: «Ռուսաստանը բաց է Միացյալ Նահանգների հետ իրավահավասար, փոխշահավետ հիմքով շփումների համար: Սա պետք է ոչ միայն մեր ժողովուրդներին, այլեւ ամբողջ աշխարհին»,- ասել է նա:

«Որպես խոշորագույն միջուկային գերտերություններ մենք հատուկ պատասխանատվություն ենք կրում ռազմավարական կայունության եւ անվտանգության ապահովման համար»,- հայտարարել է ՌԴ նախագահը: