2018թ. հուլիսի 17-18-ին Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ հյուպատոսական տասներկուերորդ համատեղ նիստը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը (պատվիրակության ղեկավար), ՀՀ արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետ Արմենուհի Հարությունյանը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոս Գարիկ Գրիգորյանը:

Իրանի պատվիրակության կազմում, որը գլխավորում էր Հյուպատոսական գլխավոր վարչության պետ Ալի Չեգինին, ընդգրկված էին ԻԻՀ ԱԳՆ նախարարության տարբեր ստորաբաժանումների փորձագետներ, ԻԻՀ նախագահի աշխատակազմի, արդարադատության նախարարության, ոստիկանության, Ինտերպոլի ԱԿԲ-ի, քաղաքացիական ակտերի գրանցման կազմակերպության ներկայացուցիչներ:

Հայկական պատվիրակությանն ընդունել է ԻԻՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Հոսեյն Փանահի Ազարը:

Հայաստանի եւ Իրանի պատվիրակությունները քննարկել են 2017թ. փետրվարին Երեւանում կայացած տասնմեկերորդ համատեղ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ընդգծել հյուպատոսական, իրավական, մաքսային եւ այլ բնագավառներում համագործակցության հետագա զարգացման եւ ամրապնդման անհրաժեշտությունը:

Նիստի ավարտին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը եւ ԻԻՀ հյուպատոսական գլխավոր վարչության պետ Ալի Չեգինին ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր: Կողմերը պայմանավորվել են հաջորդ համատեղ նիստն անցկացնել 2019թ. Երեւանում: