Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները պետք է վերապատրաստում անցնեն դրա արդիականացմանը զուգահեռ: Հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Ատոմային էներգետիկայի վետերանների միության նախագահ, Հայակական ԱԷԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը:

Նրա խոսքով՝ Ատոմային էներգետիկայի վետերանների միությունը մտահոգված է ԱԷԿ-ի կառավարման խնդիրներով, ինչպես նաեւ կայանի վերագործարկման ժամկետներով: «Հայաստանի ատոմային էներգետիկայի վետերանները վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ են հղել, որում նշել են, որ ԱԷԿ-ի շահագործման մեջ սխալներն անթույլատրելի են: Մենք հանդիպում էինք խնդրել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ, սակայն դրանից հետո շատ հարցեր փաստացի անպատասխան մնացին»,- նշեց Ազատյանը:

Նրա խոսքով՝ բաց են մնացել նաեւ ՀԱԷԿ-ի աշխատակիցների վերապատրաստման հարցերը. համակարգն արդիակացվում է, իսկ աշխատակիցները, որոնք ապագայում պետք է աշատեն այդ համակարգով, փաստացի այդ գործընթացին չեն մասնակցում:

Եվ ամենագլխավորը՝ ՀԱԷԿ-ի արդիականացումից հետո էլետրաէներգիայի սակագները կբարձրանա՞ն: Ազատյանը հիշեցրեց, որ 2015 թվականին, երբ էլեկտրակայանի ագրեգատներից մեկի շահագոծումը կանգնեցվել էր, էլեկտրաէներգիայի սակագները 6,5 դրամով բարձրացան: «Սա նշանակում է, որ ՀԱԷԿ-ի արդիականացումից հետո էլեկտրաէներգիայի արտադրությունը պետության համար ավելի թանկ կարժենա»,- շեշտեց Միության ղեկավարը:

Նա մտահոգված է նաեւ, որ ատոմային էլեկտրակայանի վերակառուցումը իրականացվում է վարկային միջոցներով: «Այսքան տարվա անընդմեջ աշխատանքից հետո ՀԱԷԿ-ը սեփական միջոցներ չունի՞»,- հարցրեց Սուրեն Ազատյանը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի փետրվարին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի կառավարությանը՝ Հայաստանի տարածքում ատոմային կայանի շահագործման ժամկետի աշխատանքների ֆինանսավորման համար վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի շրջանակում Ռուսաստանը տրամադրել է 271 մլն եւ 30 մլն դոլարի վարկ որպես երաշխիք Հայկական ԱԷԿ-ի գործող բլոկի շահագործման ժամկետի երկարացման: