ի խումբ երիտասարդներ այսօր՝ հուլիսի 19-ին, բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության դիմաց՝ պահանջելով վերականգնել իրենց տարկետման իրավունքը:

Երիտասարդները բողոքում են, որ քննությունն անցել է խախտումներով:

«1-2 միավորի հարց է: Կառավարությունն այդ խնդիրները կարող են լուծել: Մենք կողմ ենք, որ նորից մրցույթ անցկացվի: Ներկայացրել ենք մեր հոդվածները, բայց հանձնաժողովի անդամները միայն վերնագրերն են կարդացել ու գնահատել: Մոտավորապես 10 հոգի ենք այս խնդրով եւ կարող են հանգիստ խնդրին լուծում տալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց մասնակիցներից մեկը:

Նշենք, որ հուլիսի 10-ին կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում եւս անդրադարձել էր այս խնդրին՝ նշելով, որ բոլոր բողոքները քննվել են. դրանք հիմնականում հարցազրույցից են, որն էլ որպես կանոն խնդրահարույց է լինում, քանի որ յուրաքանչյուրն իր կարծիքն ունի:

«Վերահսկողական ծառայության կողմից հստակ արձանագրվել են իրավական խախտումներ: Առաջինը, Կառավարության որոշման հավելվածի 5 չափորոշիչներից վերջինն է, որը խախտվել է: Ինչո՞ւ, որովհետեւ հունիսի 1-ին փոփոխված որոշմամբ ավելացել էր 5-րդ կետի եւս մեկ բաղադրիչ՝ հարցազրույցը: Այսինքն, նախկինում եղել են մոտիվացիոն նամակը, երաշխավորագրերը: Նախարարը, սակայն, հունիսի 18-ին ներքին հրաման է ստորագրել, որի համաձայն, միայն հարցազրույցն է հաշվի առնվել: Միայն հարցազրույցը գնահատել են 20 միավոր, որը հակասում է Կառավարության որոշմանը: Երկրորդ, խախտել են 4-րդ կետը, ըստ որի մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ընդունելության արդյունքները եւս պետք է հաշվի առնվեն մոգի հետ: Արդյունքները, սակայն, հաշվի չեն առնվել ընդհանրապես: 3-րդ խախտումը հանձնաժողովի կազմն է եղել: Կառավարության որոշման համաձայն՝ կազմը պետք է լիներ 11 անդամից ոչ պակաս, ՊՆ-ից եւ ԿԳՆ-ից ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ներկայացուցիչներ, որոնք համարվում էին գիտակթրական ու գիտական ոլորտի հեղինակավոր մասնագետներ: Սակայն, հեղինակավոր մասնագետներ չեն կարող համարվել ուսանողները, որոնք ներգրավված են եղել հանձնաժողովի կազմում»,- Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասացին ուսանողները: