«ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրաժարականի պահանջի պատրվակով հանդես եկող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունների, անվայել պահվածքի կապակցությամբ»։ Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ։

«Եկեղեցու «բարենորոգման» կարգախոսներով հանդես եկող խմբի սադրիչ և սանձարձակության  հասնող պահվածքն ու գործողությունները, ըստ էության, վերածվել է ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու նվիրապետի, այլև եկեղեցական ինստիտուտի նկատմամբ բացահայտ ոտնձգության, ինչն ուղղակիորեն հարվածում է հայ ժողովրդի հոգևոր միասնության համակարգին։

Սահմանադրությամբ ճանաչված է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում՝ հետևաբար պետությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել եկեղեցական ինստիտուտը թիրախավորող, բռնության դրսևորման միտումներ ունեցող գործողությունները կանխելու ուղղությամբ։

Քննադատելու, բողոքելու իրավունքի իրացումը կարևոր է, սակայն չի կարելի ժողովրդավարությունը շփոթել ամենաթողության հետ՝ խտրականություն չդնելով  պայքարի միջոցների և եղանակների մեջ։

Հ.Յ. Դաշնակցությունն իր ամբողջական զորակցությունն է հայտնում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն և կոչ է անում պատկան մարմիններին օրենքի շրջանակներում կանխել մեր հոգևոր և ազգային միասնության դեմ ուղղված, իրենց բնույթով աղանդավորական եւ  կասկածելի ծագումնաբանությամբ խմբակների սադրիչ գործողությունները», – ասված է հայտարարության մեջ։