Եվրամիությունը կոչ է արել անդամ երկրներին եւ ձեռնարկություններին ուժեղացնել պատրաստությունները Brexit-ի շուրջ բանակցությունների տապալման դեպքում։ Եվրամիության երկրները եւ ընկերությունները պետք է պատրաստ լինեն 2019 թվականի մարտի վերջին Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալու ցանկացած սցենարի, ասված է Եվրահանձնաժողովի հայտարարությունում, փոխանցում է DW-ն։

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ն զօրուգիշեր աշխատում է, որ Լոնդոնի հետ համաձայնեցնի ԵՄ-ի կազմից Բրիտանիայի «կանոնակարգված ելքի» մասին համաձայնագիրը, սակայն նախկինի պես պարզ չէ՝ արդյոք հնարավոր կլինի Brexit-ի վավերացված համաձայնագիրը պատրաստել մինչեւ ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու պլանավորված օրը։

Բրյուսելում վախենում են, որ երկու դեպքում էլ Brexit-ը կհանգեցնի տնտեսության մատակարարման շղթայի ընդհատումների, Մեծ Բրիտանիայի հետ Եվրամիության արտաքին սահմանի վերահսկողության վերականգնման հետեւանքով առաջացած խնդիրների, Միացյալ Թագավորության կողմից տրվող արտոնագրերի, վկայագրերի եւ թույլտվությունների վերաբերյալ անորոշության եւ այլն։

Նշենք, որ Brexit-ի հարցով համաձայնագրի շուրջ բանակցությունները ներկայումս շարունակվում են։ Դրանք պետք է ավարտվեն մինչև հոկտեմբերի վերջ, որ հնաարվորություն տրվի երկու կողմերի խորհրդարաններին վավերացնել համաձայնագիրը։